Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց անցած տարի սկիզբ առած սկանդալային բացահայտումների շնորհիվ, անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու համար։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, այս մասին հայտնել է Սնոուդենի շահերը ներկայացնող իրավաբան Անատոլի Կուչերենան։
«Էդվարդն առաջվա պես շարունակում է Ռուսաստանի տարածքում մնալ։ Այժմ մենք պատրաստել ու հանձնել ենք փաստաթղթերի հավաքածու, որպեսզի նրան քաղաքական ապաստան տրամադրվի»,-ասել է Կուչերենան։
Նա մանրամասնել է, որ Դաշնային միգրացիոն ծառայությունն ունի հստակ ընթացակարգ, որին անհրաժեշտ է հետևել։
Հիշեցնենք, որ Սնոուդենն անցած տարվանից գտնվում է Ռուսաստանում և չի ցանկանում վերադառնալ ԱՄՆ, քանի որ իր արած բացահայտումների պատճառով կարող է քրեական հետապնդման ենթարկվել այնտեղ։










