ԱՄՆ իշխանությունները հայտարարել են վիզաների համար փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խնդիրների մասին
Արդեն մի քանի ամիս այլ երկրների քաղաքացիներին ԱՄՆ մուտքի վիզաների տրամադրման դիմումների մշակման համակարգչային համակարգն աշխատում է լուրջ խնդիրներով, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Մարի Հարֆը, գրում է «Взлгяд»-ը:
Նրա խոսքերով՝ խնդիրը չի վերաբերում «որևէ կոնկրետ երկրի», խոսքը գնում է ընդհանուր առմամբ համակարգի տեխնիկական անսարքության մասին:
Մարի Հարֆի խոսքերով՝ խափանումները դիտվել են «մի քանի ամիսների ընթացքում ընդհուպ մինչև հուլիսի 20-ը», երբ համակարգի ծրագրային ապահովումը թարմացվել է ծրագիրը մշակող ընկերության խորհրդի համաձայն:
«Հյուպատոսական գործերով մեր բյուրոն թարմացրել է ծրագրային ապահովումը, ինչպես խորհուրդ է տվել ընկերությունը: Սակայն մեր տվյալների բազան սկսել է բախվել նոր խնդիրների հետ տեխնիկական սպասարկումն անցկացնելուց քիչ հետո»,- ասել է դիվանագետը:
Մարի Հարֆը բացասական է պատասխանել հարցին այն մասին, թե արդյոք տեղի ունեցածը կարող է լինել հաքերային հարձակման հետևանք: Նա նաև չի հստակեցրել, թե որքան արտասահմանցիներ են վնաս կրել կամ դեռ կկրեն տեխնիկական խնդրի պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերով բյուրոն անձնագրավիզային համակարգի տեխնիկական անսարքություններ ունի, որոնք ազդել են ողջ աշխարհում վիզաների տրամադրման գործընթացի վրա:










