Խաղաղությունն ու անվտանգությունը չեն երաշխավորում, դրանք պետք է նվաճել. «Սիսական» ջոկատի հրամանատար

18:00 • 19.08.14

Չպետք է սպասենք, թե երբ են գերտերությունների շահերը համընկնելու մեր շահերի հետ, որպեսզի վերջիններս սանձեն Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ քաղաքականությունը: Մենք պետք է մեր գլխի ճարը տեսնենք: Tert.am-ի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնեց «Սիսական» ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանը։

-Կարծիքներ են հնչում, որ Սոչիում նախագահների հանդիպումն իրականում ոչինչ չտվեց և ներկայիս խաղաղությունը ժամանակավոր է: Դո՞ւք ինչ կասեք Սոչիի հանդիպման և ներկայիս «ժամանակավոր խաղաղության» մասին:

-Այո, Սոչիի հանդիպում ոչինչ չի փոխել, Սերժ Սարգսյանը մնացել է իր կարծիքին, Ալիևը՝ իր: Միանշանակ համաձայն եմ, որ ներկայիս խաղաղությունը ժամանակավոր է: Դրանից հետևում է, որ մենք չպետք է ձեռքերներս ծալած նստենք ու սպասենք, թե ադրբեջանցիները երբ են կրկին որոշելու սպանել մեր երեխաներին: Ոչ էլ պետք է սպասենք, թե երբ են գերտերությունների շահերը համընկնելու մեր շահերի հետ, որպեսզի վերջիններս սանձեն Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ քաղաքականությունը: Մենք պետք է մեր գլխի ճարը տեսնենք: Խաղաղությունն ու անվտանգությունը չեն երաշխավորում, խաղաղությունն ու անվտանգությունը պետք է նվաճել:

-Իսկ ինչպե՞ս է հնարավոր այդ խաղաղությունն ու անվտանգությունը նվաճել:

-Ադրբեջանը ներկայումս ընդգծված հակահայկական ռազմատենչ քաղաքականություն է վարում. Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հայտարարում է, որ պատերազմի միայն առաջին փուլն է դեռ ավարտվել (այսպիսով իր բնակչությանը հոգեբանորեն պատերազմի պատրաստելով), նա անկայունություն է ստեղծում սահմաններում՝ ռազմական գործողություններ սադրելով, Ալիևը հավակնություններ է արտահայտում անգամ մեր մայրաքաղաք Երևանի հանդեպ: Այսքանից հետո, երբ միջազգային հանրությունը, ելնելով իր շահերից, շոյում է Ադրբեջանի գլուխը, մենք պետք է մեր ուժերով վերականգնեք հայկական բարձրավանդակի բնականոն սահման հանդիսացող Քուռ-Արաքս սահմանագիծը:

Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զորքերին արդեն հաջողվել է հայկական երկրորդ հանրապետությունը սահմանակից դարձնել Իրանի հետ: Մեր քաջերի արյան գնով ազատագրված յոթ շրջանները ներկայումս մեր անվտանգության միակ երաշխիքն են հանդիսանում: Սակայն մենք չպետք է բավարարվենք դրանով, այն դեպքում, երբ Ադրբեջանի սպառնալիքները ինչպես խոսքով, այնպես էլ իրական ռազմական գործողություններով հասել են իրենց զարգացման գագաթնակետին: Ժամանակն է հասնել Քուռ-Արաքս սահմանագծին: Մենք պետք է ապահովենք հայկական երկու պետությունների անվտանգությունը, օգտվելով այդ թվում՝ հայկական բարձրավանդակի ընձեռած ռելիեֆային հնարավորություններից: