Թուրքիայում հայկական հուշաձանների շատ սեփականատերեր դրանց պահպանման հարցում ակնկալում են Հայաստանի օժանդակությունը.հուշարձանագետ
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հայտնում է, որ Թուրքիայի տարածքում այս պետության կողմից դեռևս չոչնչացված հայկական շատ հուշարձաններ կան, որոնք վթարային վիճակում են՝ վերականգնման կարոտ։
«Հիմնականում 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբին կառուցված եկեղեցիները դեռ պահպանվել են, իսկ ավելի շուտ կառուցած եկեղեցիները՝ ոչնչացվել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և նշեց, որ Մուշի հայկական եկեղեցին, ինչպես նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին ցանկության դեպքում կարող են վերականգնել, իսկ նվազագույնը`գոնե ամրակայել:
Հիշեցնենք, որ Մուշի հայկական թաղամասում շինարարական աշխատանքները շարունակվելու պատճառով քանդվելու վտանգի տակ է հայտնվել նաև Մուշի Ամրոց (Քալե) թաղամասի հայկական եկեղեցին։
«Թուրքիայի տարածքում հայկական շատ եկեղեցիներ տարբեր բնակավայրերում սեփականաշնորհված են և ամեն մի սեփականատեր դրանց հետ իր քմահաճույքով է վերաբերվում. ցանկանում է՝ հարդանոց է օգտագործում, ցանկանում է` գոմ, իսկ եթե հարկավոր չէ` ընդհանրապես քանդում է: Այսինքն` ինչպես ցանկանում են, այնպես էլ վարվում են, որովհետև պաշտամունքային կառույցները միտումնավոր սեփականշնորհված են»,-ասաց Սամվել Կարապետյանը և նշեց, որ եկեղեցիները պահպանելու հարցում, եթե մենք իսկապես պատկանելություն ենք զգում և անկեղծ մտահոգ ենք, պետք է փորձել բոլոր ճանապարհները:
Չնայած դրան` Սամվել Կարապետյանը հայտնեց, որ ամենատարբեր տեղերում կան նաև սեփականատերեր, որոնք ցանկանում են պահել եկեղեցիները, սակայն ժամանակի ընթացքում շենքերը քայքայվել են, ծածկերը` վնասվել: «Շատերն ասել են, որ մենք մեր ուժերով այսքան տարի ծածկ ենք անում, արդյոք կարո՞ղ է Հայաստանն օժանդակել, որ ավելի հիմնավոր աշխատանքներ արվեն, մեզ այդ հարցով շատ են դիմել: Ես կարող եմ ամբողջ ցանկ պատրաստել, թե որ եկեղեցիների սեփականատերերն իրենց ուժերի սահմաններում պահել են և այսօր էլ պատրաստակամ են պահել եկեղեցիները, եթե օժանդակություն լինի ու հատկապես ակնկալում են, որ այդ օժանդակությունը Հայաստանից լինի, քանի որ գիտեն, որ հայկական է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի օժանդակությանը, ապա հուշարձանագետն ասաց, որ Հայաստանի հուշարձանների պահպանության բյուջեն, որը հատկացվում է Մշակույթի նախարարությանը, այնքան քիչ է, որ նույնիսկ Հայաստանի եկեղեցիների համար չի բավարարում. այդ միջոցներով առավել վտանգված հուշարձանների մոնիթորինգ է արվել և հերթով ամրակայում են:
Հարցին, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հնարավո՞ր է՝ Թուրքիան իրեն բնորոշ իմիտացիոն քաղաքականություն վարի և հուշարձանների վերականգնողական աշխատանքներ իրականացնի, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Կարծում եմ, թե տրամաբանական և հնարավոր է, որ մինչև 1915 թվականը կառուցած եկեղեցիները, այսինքն` ավելի ուշ կառուցվածները, ցանկանան ցուցադրաբար վերականգնել»:
Սամվել Կարապետյանը հայտնեց, որ միայն Տանձուտ գյուղում է նկատել, որ հայկական եկեղեցու վրա ցուցանակ կա, որտեղ երեք լեզվով`թուրքերեն, անգլերեն, վրացերեն, նշված է` միակ հայկական եկեղեցին ողջ տարածաշրջանում, այսինքն մնացածը կամ վերացրել են, կամ բաժան-բաժան են արել:
«Նույնիսկ տասնիններորդ դարի վերջին կառուցած մի եկեղեցի կա` հայերեն որմնանկարներով, որտեղ նշված է, որ դա բյուզանդական եկեղեցի է»,-ասաց նա:










