«Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումն այսօր նշում է իր 50-ամյակը (լուսանկարներ)
Ռուսական հեռուստատեսության լեգենդար «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումն այսօր նշում է իր 50-ամյակը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը:
Սա ռուսական հեռուստատեսության առաջին մանկական հաղորդումն է և ռեկորդակիր է հանդիսատեսի շրջանում ունեցած ժողովրդականության և «երկարակեցության» առումով:
1963-ին գերմանական մուլտֆիլմից ոգեշնչված մանկապատանեկան հեռուստահաղորդումների խմբագիր Վալենտինա Ֆյոդորովան առաջարկում է մանկական հաղորդում ստեղծել:
1964-ի սեպտեմբերի 1-ին ԽՍՀՄ-ի Կենտրոնական հեռուստատեսության եթերով ցուցադրվում է առաջին՝ սև-սպիտակ հաղորդումը: Ի սկզբանե հաղորդման մեջ ո՛չ տիկնիկներ կային, ո՛չ էլ մուլտֆիլմեր էին ցուցադրվում: Էկրանին հայտնի մուլտիպլիկատորների նկարներ էին ցուցադրվում, հաղորդավարը կարդում էր տեքստը:
Միայն հետագայում ի հայտ եկան հանրահայտ տիկնիկները՝ Տյոպա նապաստակի, Բուրատինոյի, Չիժիկ շնիկի, Ալյոշա-ինչուիկի և այլոց տեսքով: Հաղորդմանը մասնակցում էին նաև երեխաներ:
Ներկայիս Ֆիլյա շունը, Ստեպաշկա նապաստակը և Խրյուշա խոզուկն ի հայտ եկան 60-ականների վերջին:
Չնայած բարձր ռեյթինգին՝ 2000-ականների սկզբին հաղորդումը փակման վտանգի առաջ էր:
«Բարի գիշեր, երեխաները», «ՈՒՀԱ»-ն և «Ինչ, որտեղ, երբ»-ը համարվում են խորհրդային հեռուստատեսության միակ օրիգինալ ծրագրերը, որոնք չեն ընդօրինակվել դրսից:
1997, 2002 և 2003-ին հաղորդումը ՏԵՖԻ մրցանակի է արժանացել՝ որպես լավագույն մանկական հաղորդում: Առաջիկայում հաղորդումը կհամալրվի նոր կերպարով, որի հեղինակը Ռուսաստանի նախագահն է:













