Հայաստանի գույները երեքն են, մնացյալը երանգներ են. գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյան.
Սեպտեմբերի 3-ին Նկարիչների միության ցուցասրահում կբացվի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի 50-ամյակին նվիրված ցուցահանդես: Այսօր հոբելյանական ցուցահանդեսից առաջ հրավիրված ասուլիսին նկարիչը ասաց՝ Հայաստանի գույները, իհարկե, երեքն են, մնացյալը երանգներ են։ «Դրանք մեր դրոշի գույներն են`կարմիրը, կապույտը և ծիրանին, մնացյալը երանգներ են»,-ասաց նա։
Նկարիչը խոստովանում է՝ փորձում է միայն լավը փոխանցել կտավներում, իսկ լավն ըստ նրա` Հայաստանում շատ-շատ է. «Մեր երկիրը շատ լավն է, հրաշք երկիր է, աշխարհում այսպիսի գույներով երկրները քիչ են: Այնքան եմ ուզում, որ բոլորս, անկախ ամեն ինչից, շատ սիրենք մեր երկիրը, սիրենք իրար։ Իհարկե, նկարիչները սիրում են, փախչել սարեր ու սարեր ու բնություն նկարել, բայց նկարչությունն ուղիղ կապված է մեր օրերի հետ։ Ինձ շատ են ասում, որ լուսավոր են իմ նկարները, պայծառ են, բայց մեր երկիրն է այդպիսին, աշխարհում լավն էլ կա, վատն էլ, բայց լավն եմ նախընտրում նկարել»,-ասաց նա։
Նիկոլ Աղաբաբյանը տեղեկացրեց, որ հիմնականում նոր աշխատանքներ են ներկայացվելու ցուցահանդեսին. «90 տոկոսը չցուցադրված է։ Իհարկե, կան նաև հին աշխատանքներից, բայց դա նրա համար, որ նկատելի լինի զարգացման ընթացքը»,-ասաց նա և նշեց, որ 80 աշխատանք է ներկայացնելու և ցուցադրվելու է 10 օր։ «Գործերն ավելի շատ են, այդքանը տեղավորվեց»,-նշեց նա։
Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը հավելեց, որ նկարիչը 50 տարեկան է, բայց իր տարիքից ավելի անհատական ցուցահանդեսներ է ունեցել։ « 60-ից ավելի, որը լուրջ ցուցանիշ է։ Նա իսկապես կրում է Հայաստանի գույները»,-ասաց նա և տեղեկացրեց, որ ցուցահանդեսի օրը սպասվում է նաև անակնկալ։ «Արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվելու է, իսկ թե ինչով՝ կբացահայտենք այնտեղ»,-ասաց նա։
Նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը ներկայացրեց իր ընկերոջը՝ հայ գեղանկարչության մեջ վայրի բնությունը ծայրից ծայր ընկալող ու տիրապետող նկարիչ է։
«Հրաշալի է, որ ժամանակից մտածելակերպ կա, առողջ դատողությունը կա և Հայաստան աշխարհի գունագեղ տեղանքի նման պարզ ու ջինջ է նրա նկարչությունը, որը կարողանում է գույնը տիրապետել և գունային համադրությունը կատարել,-ասաց նա և հավելեց,–ինքնատիպ է Նիկոլի նկարչությունը, թեև շատ են պնդում, թե Սարյանի դպրոցն է»։
Լրագրողներից մեկի հարցին, որ եթե գրեթե ամեն տարի, կամ երկու տարին մեկ անհատական ցուցահանդես անելով և նման մեծաքանակ աշխատանք կատարելով, արդյո՞ք նկարիչը դժվարություն չի ունենում նկարների վաճառքի հետ և որտե՞ղ են պահվում նկարները, նկարիչը պատասխանեց. «Անկեղծ՝ ես երբեմն ամաչում եմ փող աշխատելու մասին խոսել, բայց միևնույնն է՝ նկարելու համար ժամանակը անընդհատ չի բավականացնում, հարյուր անգամ ավելի կարևոր է և անհրաժեշտ է շարունակել, որովհետև, մտածում եմ, յուրաքանչյուր դրական գործին նոր դրական գործ ավելանում է»,-ասաց նա։










