Ի՞նչ կարող է տալ աշխարհում ճանաչված հայ արվեստագետների «պերֆորմանսը»՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. կարծիքներ

18:15 • 07.09.14

Աշխարհում ճանաչված սփյուռքահայ արվեստագետի որևէ գործ, ներկայացում, «պերֆորմանս» կարող է նպաստել Հայոց ցեղասպանության, Հայկական հարցի մասին տեղեկատվությունն ավելի լայն լսարանի հասցնելու համար, բայց երբեք այն չի կարող փոխարինել պետական գործառույթներին, քանի որ և՛ լսարաններն են տարբեր, և՛ թիրախները: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով համահեղինակած սիմֆոնիկ ՝«100 տարի» անվանումն ունեցող երաժշտական ստեղծագործության կապակցությամբ կարծիք հայտնեց բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը՝ ի պատասխան հարցի, թե հայ արվեստագետների մշակույթի լեզուն ավելի հասկանալի ու արդյունավետ չի՞ լինի Հայոց ցեղասպանության խնդրի վրա աշխարհի ուշադրությունը բևեռելու հարցում: 

Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը տեղեկացրել էր, որ սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան կիրականացնի Lark երաժշտական միությունը՝ Փասադենայում, սեպտեմբերի 20-ին, ինչին աջակցում է նաև նորզելանդացի կոմպոզիտոր Ջոն Փսատասը:  

«Անկախ արվեստագետի որևէ գործ՝ նկար, ներկայացում, «պերֆորմանս», կամ՝ չգիտեմ ինչ, ավելի շատ է օգնում լայն լսարանին, մարդկանց, ովքեր հնարավոր է՝ քաղաքական շատ տեղեկություններ էլ չունենան Հայոց ցեղասպանության, պետությունների փոխհարաբերությունների, Հայոց պատմության մասին։ Ավելի լավ է աշխատում, լսարաններ գրավելու հարցում, մարդիկ ավելի շատ են տեղեկանում, այսինքն՝ էդ ուղղությամբ ավելի լավ է աշխատում, բայց միևնույն ժամանակ, աշխատում է այդ պահին, և որևէ երաշխիք, պատասխանատվություն չունի, որ վաղը այն մարդիկ, որ եկել են, համերգը լսել են, ինքը ինչ-որ բան պետք է ակնկալի: Այսինքն՝քաղաքական գործողությունն ու գործունեությունը ուրիշ է, պատասխանատվության երաշխիքների բաներ են... ավելի շուտ քաղաքակիրթ պետության դիրքորոշման այսպես ասած՝ մշակութային ձևակերպումն են ներկայացնում, դիվանագիտական, քաղաքական նշանակություն ունեն: Իսկ երբ տարբեր արվեստագետներ ու մտավորականներ, մանավանդ, սփյուռքահայ, որոնք ուղղակիորեն ոչ մի կախում չունեն Հայաստանի պետությունից, ձեռնարկում են ինչ-որ մշակութային միջոցառումներ կամ արվեստի գործեր ստեղծում, ներկայացնում, դա բոլորվին ուրիշ հասցեատեր և ուրիշ թիրախ ունի: Եվ շատ բնական է, որ երկուսն էլ զուգահեռ կարող են լինել»,-ասաց Վիոլետ Գրիգորյանը: 

Ի պատասխան հարցի, թե նկատի ունենալով, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը նշանավորելու տարբեր առաջարկներ են հնչել, Վիոլետ Գրիգորյանն ի՞նչ առաջարկ կարող է ներկայացնել, ինչո՞ւ ոչ՝ Ցեղասպանությանը նվիրված արվեստի գործեր ստեղծել, բանաստեղծուհին ասաց. «Ես ո՞նց կարող եմ նման առաջարկ անել, «զակազչի՞կ» եմ, ի՞նչ է, ամեն արվեստագետ ինքն է որոշում՝ ինչ է ուզում անի»: 

Վիոլետ Գրիգորյանին, պատմեցինք, որ օրինակ՝ հնչել են 1.5 միլիոն երեխաներ ունենալու կոչեր, ինչին «ընդառաջ» ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, իր ընկերներին, զինակիցներին, ինչպես փոխանցել էին՝ հանձնարարել է երեխաներ ունենալ։ Դիտարկմանն ի պատասխան, բանաստեղծուհին ասաց. «Ես կարծում եմ, որ շատ երեխաներ ունենալու առաջարկը իրագործելու համար պետք է շատ տղամարդիկ ներկրեն Հայաստան, որովհետև բառերով երեխաներ չեն ծնվում: Սիրուն, տարբեր ժողովուրդներից, առողջ տղամարդիկ, թող երեխաներ ունենան, նրանց պահելու փողն էլ առաջարկ անողը թող վճարի»: 

«Այդ դեպքում ազգային գենոֆոնդը… անաղարտ» դիտարկմանն ի պատասխան էլ բանաստեղծուհին ասաց, որ ժամանակն է՝ «ազգ» բառը «էթնիկ» բառից տարանջատելու ու ավելացրեց. «Էթնոսն է, որ գենետիկ բան ունի, «ազգ»-ի մեջ կարող են լինել տարբեր ժողովուրդների բաղկացուցիչ տարրեր, ինչպես հայ ազգը, որը ձևավորվել է, տարբեր ցեղախմբեր են չէ՞ գումարվել: Այսինքն՝ ազգ չի նշանակում պարտադիր գենետիկ ինչ-որ մի բան»: 

Դերասանուհի Լալա Մնացականյանի համար, ով շատ կոնկրետ արդյունքներ է ակնկալում արտերկրի ճանաչված արվեստագետների՝ այս ուղղությամբ աշխատանքից, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու դա մի քանի տարի առաջ պետությունը չի սկսել համակարգել, այդ թվում՝ արտերկրի արվեստագետների հետ աշխատանքները: 

«Դու չես կարող մարտին համերգ կազմակերպել, երկու հոգի գան՝ երգեն, արտասանեն ու թողնեն գնան։ Սա արդեն պետք է արվեր, սակայն ես ոչինչ չեմ տեսնում։ Միգուցե, մտադրվել են ավելի ուշ անել, սակայն ինչո՞ւ ուշ անել, կարո՞ղ է 5 տարի առաջ չգիտեինք, որ 2015 թվականը գալու է։ Դա վաղուց պետք է արվեր, և հիմա մենք այդ գործընթացի մեջ պետք է լինեինք»
,-ասաց դերասանուհին: 

Իսկ, առհասարակ, ըստ Լալա Մնացականյանի, կարելի է ֆիլմեր նկարահանել, ներկայացումներ բեմադրել, ու պարտադիր չէ, որ դրանք արվեն հենց հատուկ Ցեղասպանության թեման «լացակումած ու տխուր ձևերով» ներկայացնելով: 

«Պետք է գլոբալ հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել, և դա պետք է անեն ոչ միայն արվեստագետները. որքան շատ մարդիկ խոսեն Հայոց ցեղասպանության մասին, այնքան միջազգային հանրությունն ավելի շատ կիմանա այդ մասին, որովհետև, թեև անհատներս անում ենք, սակայն պետք է շատ մեծ պետական աջակցություն, շատ մեծ արձագանքներ են պետք, սրա մասին շատ պետք է խոսվի և շատ կարևորվի, որովհետև մենք արդեն պահը կորցնում ենք»,- ասաց դերասանուհին:
 

Ի՞նչ կարող է տալ աշխարհում ճանաչված հայ արվեստագետների «պերֆորմանսը»՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. կարծիքներ