Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածամոր ծննդյան տոնը

10:18 • 08.09.14

Հայ առաքելական եկեղեցին սեպտեմբերի 8-ին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից` Աստվածամոր ծննդյան տոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ «Աստվածաշունչ» մատյանում, այն մեզ է փոխանցվել Եկեղեցու սրբազան ավանդության շնորհիվ:


Ս. Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան, երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մեկ օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ ինքը զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու
խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել:

Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանացնելու համար և իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում` բաժանելով աղքատներին:


Հայ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին:

 

 

Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածամոր ծննդյան տոնը