Ավստրալիան Հնդկաստանին է վերադարձրել 2 հնագույն պատմական արձանիկ

17:08 • 08.09.14

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ողջունել է այն փաստը, որ Ավստրալիան վերադարձրել է 2 հնագույն արվեստի աշխատանք, որոնք գողացվել էին Թամիլ Նադու տաճարից, գրում է CNN-ը։

 

Նախորդ շաբաթ Նյու Դելիում Մոդիի հետ հանդիպման ընթացքում Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը փոխանցել է Շիվա աստվածության ավելի քան 900-ամյա բրոնզե արձանը և Արդհանարիշվարայի քարե արձանիկը, որը մոտ 1100 տարեկան է։

 

Ավստրալիայի Ազգային պատկերասրահը Շիվայի արձանը գնել էր Նյու Յորքում բնակվող Սուբհաշ Կապուրից 2008-ին՝ 5 մլն դոլարով։ Երկրորդ արձանիկը Կապուրը 2004-ին 280.000 դոլարով վաճառել էր Սիդնեյի Արվեստի պատկերասրահին։

 

Կապուրը ձերբակալվել է Գերմանիայում 2011-ին, այնուհետ արտահանձնվել Հնդկաստանին, որտեղ սպասում է իր դատավարությանը։


 

Ավստրալիան Հնդկաստանին է վերադարձրել 2 հնագույն պատմական արձանիկ