Ավստրալացի մեդիամագնատը 15 մլն դոլարով 500-ամյա աղոթագիրք է գնել, որը «գողացել» էր Հիտլերը (լուսանկարներ)
Ավստրալացի մեդիամագնատ, Channel Seven-ի նախագահ Քերի Սթոքսն ավելի քան 15 մլն դոլարով գնել է 514-ամյա The Rothschild աղոթագիրքը, որը պարունակում է 67 պատկերազարդում, որոնց հեղինակը Վերածննդի դարաշրջանի հայտնի նկարիչներից մի քանիսն են, գրում է Daily Mail-ը։

Աղոթագիրքը պատկանել է եվրոպական մի ընտանիքի՝ Ռոթչիլդներին։ 1938-ին գիրքը նրանցից «խլել» է Ադոլֆ Հիտլերը՝ ներխուժելով Ավստրիա։
16-րդ դարի Աղոթագրքի յուրաքանչյուր էջ պատրաստված է կենդանու կաշվից և ծածկված է ոսկե շերտով։ Մինչ օրս հայտնի չէ, թե ով է պատվիրել այն։

Ռոթչիլդներից գիրքը «խլելուց» հետո Հիտլերն այն պահել է նացիստական նկուղում՝ այլ թանկարժեք արվեստի գործերի հետ, այնուհետ աղոթագիրքը տեղափոխվել է Վիեննայի գրադարան, որտեղ, Հիտլերի կարծիքով, այն ավելի ապահով կլիներ։


Նացիստների անկումից հետո գրադարանը հրաժարվել է վերադարձնել գիրքն իրական տերերին։ Ռոթչիլդները 60 տարի պայքարել են Ավստրիայի կառավարության հետ գիրքը ետ ստանալու համար։ 1999-ին այն վերջապես վերադարձել է նրանց մոտ։


Ավելի ուշ գիրքը Christie's աճուրդում վաճառվել է անհայտ մի գնորդի, և նրա գտնվելու վայրը չեն իմացել 15 տարի։ Սակայն 2014-ին Աղոթագիրքը կրկին հայտնվել է աճուրդում՝ Նյու Յորքում, որտեղ էլ այն գնել է Սթոքսը։ Գիրքը շուտով «կմեկնի» շրջագայության Ավստրալիայի տարածքում։










