Առաջիկայում կարող է բացվել Տիգրանակերտի ամրոցի գլխավոր մուտքը. հնագետը դժգոհ է ԳԱԱ–ից

12:43 • 08.09.14

Արցախի Տիգրանակերտ քաղաքում իրականացվող հնագիտական աշխատանքների ընթացքում այս տարի հայտնաբերվել է երկրորդ եկեղեցին, աշխատանքները շարունակվել Անտիկ և Կենտրոնական թաղամասերում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արշավախումբը ղեկավարող հնագետ Համլետ Պետրոսյանը նշեց, որ այս տարվա պեղումների ընթացքում Տիգրանակերտի ամրոցի հյուսիսային պարիսպը հասցրել են 250 մետրի:


«Մենք ակնկալում ենք, որ շուտով կկարողանանք բացել ամրոցի գլխավոր մուտքը, որը խոստանում է ոչ միայն ճարտարապետական գեղեցիկ նմուշ, այլ կարծում եմ, որ արձանագրություն կլինի քաղաքի մասին: Կենտրոնական թաղամասում, վաղ քրիստոնեական հրապարակում, բացել ենք երկրորդ եկեղեցին, որի խորանի տակ դամբարան ենք հայտնաբերել: Տիգրանակերտում բոլոր կառույցները սրբատաշ են, ինչը ցույց է տալիս քաղաքի հարուստ լինելը, և սրբերի նկատմամբ եղած պաշտամունքը»,-ասաց նա:


Համլետ Պետրոսյանը նշեց, որ այս տարի աշխատանքներին ներգրավել են երեք արտասահմանցի մասնագետներ, սակայն ոչ այն պատճառով, որ օգնության կարիք են ունեցել:


«Տիգրանակերտը այսօր հանրահռչակման կարիք ունի և օտարերկրյա մասնագետներին ներգրավելով, մենք կկարողանանք այնպես անել, որ այլ երկրներում ևս իմանան Տիգրանակերտի մասին: Հնագիտական պեղումները բացի զուտ ակադեմիական նշանակությունից, ունեն մշակութային ժառանգության հանդեպ հասարակության ուշադրությունը բարձրացնելու կարևորություն: Ամբողջ հայությանը ներգրավել է գործընթացի մեջ: Տիգրանակերտի պեղումները շատ կարևոր են, որովհետև անընդհատ զգում ենք ոչ միայն գիտական ոլորտի, այլ հասարակ մարդկանց ուշադրությունը»,-ասաց նա:


Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավարն ընդգծեց, որ տարեկան 30-40 հազ. մարդ է այցելում Տիգրանակերտ:


«Այս ամենին հակառակ բացարձակ ուշադրություն չկա ո՛չ իշխանության, ո՛չ էլ այլ քաղաքական կուսակցությունների կողմից, նույն անտարբերությունն է նաև ցուցաբերում Գիտությունների ազգային ակադեմիան: Ճիշտ է, որևէ կերպ չեն խոչընդոտում, չեն մերժում, բայց ոգևորություն էլ չկա այս հայտնագործության մասին, որը ապացույց է այն մասին, որ այս տարածքներում դեռ վաղ քրիստոնեական շրջանում հայերն են ապրել»,- ասաց նա:


Համլետ Պետրոսյանը նաև նշեց, որ յուրաքանչյուր տարի իրենք գտնում են շուրջ 10 000 գտածոներ, որոնցից շուրջ 2000-ը մաքրում են մշակում ու ուսումնասիրում, իսկ մյուսները պահում հետագայի համար:

 

Առաջիկայում կարող է բացվել Տիգրանակերտի ամրոցի գլխավոր մուտքը. հնագետը դժգոհ է ԳԱԱ–ից