Ճապոնիայի նախորդ կայսեր կյանքի նկարագրությունը գրվել է 24 տարի և կազմել 12.000 էջ
Ճապոնիայում հրապարակվել է նախորդ կայսր Սյովայի ամբողջական կենսագրությունը, որի աշխատանքները տևել են 24 տարի և կազմել 12.000 էջ, հայտնում է РИА Новости-ն։
Սյովա կայսեր կառավարումը (1901-1989) եղել է ամենաերկարը Ճապոնիայի պատմության մեջ և համընկել է այնպիսի ողբերգական իրադարձությունների հետ, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմը, Հիրոսիմայում և Նագասակիում ատոմային ռումբի պայթյունը, Ճապոնիայի կապիտուլացիան և ամերիկյան շրջափակումը, ինչպես նաև Օլիմպիական խաղերը Տոկիոյում 1964-ին, երկրի վերականգնումը և այլն։
Կայսեր կենսագրությունը կառուցված է 3.000 պատմական փաստաթղթերի հիման վրա, որոնցից 40-ը հրապարակվել են առաջին անգամ։ Դա օրագրային գրառումներ են և կայսեր դպրոցական շարադրությունները, հուշագրություններ, նրա շրջապատի գրառումները և այլ փաստաթղթեր։
Շնորհիվ այս ամենի 20-րդ դարի ճապոնական պատմության շատ փաստեր նոր երանգ են ստանում և բացահայտում կայսեր մասին նախկինում անհայտ տեղեկություններ։ Օրինակ՝ պարզվել է, որ 12-ամյա թագաժառանգը երազել է ոչ թե գահի մասին, այլ գիտնականի կարիերայի մասին և ցանկացել է դառնալ բնական գիտությունների դոկտոր։
Կայսեր կենսագրության կազմման աշխատանքը սկսվել է անմիջապես նրա մահից հետո՝ 1990թ. մայիսին, իսկ 2014թ. օգոստոսին աշխատանքը ներկայացվել է կայսերական ընտանիքին։ Սեպտեմբերի 9-ից աշխատանքը հասանելի կլինի այցելուների համար Պալատի վարչության արխիվային և տպագիր նյութերի շենքում։ Այնուհետ այն կհանձնվի տպագրության և նրա ամբողջական հրատարակումը կտևի 5 տարի։










