Տիգրան Մանսուրյանը երեք ստեղծագործություն կներկայացնի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հարցերով հանձնաժողովին
ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված իր գործերը ներկայացնել ՀՀ Նախագահի կողմից ստեղծված Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին՝ համերգային երեկո կազմակերպելու համար:
ՀՀ Նախագահի հրամանագրով երեք տարի առաջ ստեղծված հանձնաժողովը նախապատրաստում է այն հիմնական միջոցառումների շարքը, որոնք պետք է անցկացվեն 2015-ին ընդառաջ և 2015-ի ընթացքում:
«Ես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեք ստեղծագործություն ունեմ: Ալտի և նվագախմբի կոնցերտ եմ գրել՝ «Երեք արիա՝ երգելու Արարատին բացված պատուհանից» խորագրով: Գրել եմ ևս մի գործ՝ Թավջութակի կոնցերտ՝ «Ու՞ր է Աբել եղբայրը քո» խորագրով: Բացի այդ, ունեմ նաև «Ռեքվիեմ»-ը, որը գրել եմ գերմանական ընկերության պատվերով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Մանսուրյանը:
Անվանի կոմպոզիտորի խոսքով՝ այս երեք ստեղծագործությունները միասին միանգամից մեկ համերգ են կազմում: «Պետք է առաջարկեմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին այդ գործերով համերգ կազմակերպել: Ի դեպ, գործերից Թավջութակի կոնցերտը Հայաստանում դեռևս չի հնչել»,-հավելել է կոմպոզիտորը:
Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մ շակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, միանգամայն նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան։ ոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։










