Չարենցին որոնեք նրա պոեզիայի մեջ. ժառանգների քնարական տարբերակի հետ չարենցագետը համակարծիք չէ
Գրականագետ Դավիթ Գասպարյանը սիրողական է համարում այն պնդումները, թե գտել են Եղիշե Չարենցի գերեզմանը։ «Ես կարող եմ խոսել միայն մասնագիտական փաստերից, ըստ որի՝ Չարենցի գերեզմանը մինչ օրս գտնված չէ, իսկ թե ինչ են խոսում ուրիշները, այդ մասին չեմ ուզում խոսել, որովհետև այդտեղ սիրողականություն կա, սխալ կա ու ինքնավերագնահատում կա»,- նոյեմբերի 27-ին՝ Չարենցի հիշատակի օրը, Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Դավիթ Գասպարյանը նշեց, որ Չարենցի գերազմանի հարցով երկու լուրջ վկայություն կա։ «Երկու լուրջ վկայություն կա, որ Չարենցին թաղել են Երևանից Էմիածին տանող ճանապարհին՝ ներկայիս ռազմական ոստիկանության և դրանից հետո Ներքին գործոց պանսիոնատի մոտակայքում, որտեղ եղել է այգի»,-ասաց նա և նշեց, որ ժամանակին ինքը ևս մասնակցել է Չարենցի գերազմանի գաղտնի որոնումներին։
«Գաղտնի որոնումներ էինք անում, բահ, քլունգ առած՝ գնում էինք, որ Չարենց գտնենք։ Մի անգամ ոստիկանները եկան, կանգնեցին գլխներիս ու երեք օր էլ պահել են ինձ, թե՝ դու ուրիշ բան ես որոնում, մինչև հասկացան, թե բանն ինչումն է»,-ասաց նա և նշեց, որ որոնումները դադարեցվեցին, երբ հարցին կրկին միջամտեցին ժառանգները, և ինչպես իր «Գիրք մնացորդաց» անտիպ ժառանգությունն արգելեցին, այնպես էլ այս դեպքում պահանջեցին դադարեցնել որոնումները։
«Ժառանգներն ասում են՝ մենք չենք ուզում Չարենցի գերզմանը բացահատվի, ուզում ենք այնպես, ինչպես Աբովյանը գնաց, անհայտացավ Արարատի լանջերին՝ որպես առասպել, թող Չարենցն էլ դիտվի որպես առասպել, և նշում են, թե Չարենցին որոնեք նրա պոեզիայի մեջ։ Իհարկե՝ դա քննարկման տարբերակ է, բայց լուրջ մարդը պետք է հետամուտ լինի և գտնի, մենք դեռ մոտ ենք իրեն, 100 տարի հետո սերունդները մեր երեսին կթքեն, իսկ հետո ավելի դժվար ու ուշ կլինի»,-ասաց նա և հավելեց, թե քանի որ ժառանգները «վետո» դրեցին, ինք էլ մի կողմ է քաշվել և այդ խնդրով չի զբաղվում։
Իսկ թե վկայությունները որքանով են լուրջ, նշեց, որ վկայություն է տվել այն մարդկանցից մեկը, ով մասնակցել է թաղմանը և ապրել է մինչև 88 թ-ը։ «Նա այդ ժամանակ զինվորական է եղել, եղել է ծառայության մեջ։ Այս մարդը հայտնվեց ու տարավ, մոտավոր տարածքը ցույց տվեց, հաջորդ վկայությունը վերցրել և տպագրել եմ «Չարենցի մասին հուշերը» գրքում: Եղիշե Հովհաննիսյան անունով մեկն էր, ով նույն բանը վկայեց։ Եթե որոնենք, էլի բաներ կգտնենք, բայց գործը կիսատ մնաց նշածս պատճառով»,-եզրափակեց նա։










