Լավաշը թխվել է թոնիրում, իսկ թոնիրը բնորոշ է նստակյաց ժողովրդին, ոչ թե քոչվորներին, ինչպես թուրքերն են եղել

22:42 • 27.11.14

Լավաշը պատրաստել են միայն թոնիրում, իսկ թոնիրը նստակյաց ժողովրդի մշակույթ է, ոչ թե քոչվոր: Tert.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը՝ անդրադառնալով հայկական լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելուն, ինչը առաջացրել է թուրքերի վրդովմունքը:

«Հայ մարդը ինչ իրեն հիշում է, լավաշ է թխել։ Լավաշը եղել է և հայ պատմիչների աշխատություններում, լավաշը հիշատակվում է դեռևս նախաքրիստոնեական շրջանում: Իսկ թուրքը քոչվոր ժողովուրդ է եղել, առանց պատմության , հայրենիքի, այնպես որ ո՛չ քուրդը, ո՛չ թուրքը չէր կարող լավաշ ունենալ: Անգամ Հայաստանում էլ ամենուր չէ, որ լավաշ են թխել, որովհետև թոնիրներ կառուցել են դաշտավայրային շրջաններում՝ Մշո դաշտում, Արարատյան դաշտում: Սյունիքում լավաշ չեն թխել, ընդունված չի եղել, որովհետև այնտեղ բուխարիներ են եղել, փռեր, որպես կրակարաններ»,- ասաց նա:


Արմենուհի Ստեփանյանը նաև նշեց, որ դաշտավայրային շրջաններում տները երդիկներով էին, թոնիրն էլ ուղղահայաց երդիկի տակ էին, լեռնային շրջաններում հարթածածկ տներ էին՝ առանց երդիկի:


«Եթե աշխարհը մի քիչ գրագետ լինի կհասկանա, թե որտեղից է գալիս թոնիրն ու լավաշը: Իսկ թուրքը մնում է միայն Մեսրոպ Մաշտոցին սեփականացնի և ասի, որ այբուբենն էլ է իրենցը: Իրենը չունեցող ժողովուրդը միշտ փորձում է ուրիշներինը սեփականացնել: Լավաշը մեր ազգային հացն է»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը:


Նշենք, որ թուրքական լրատվամիջոցներն այժմ էլ պնդում են, թե լավաշը ոչ թե հայկական, այլ թուրքական ու ադրբեջանական հացատեսակ է և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը նշել է, որ իրենք Ադրբեջանի հետ համատեղ թղթապանակ են պատրաստում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնելու համար, որպեսզի որոշ բաներ, այդ թվում և լավաշը, իրենց համատեղ մշակութային ժառանգությունը համարվի:


«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ ընդգծեց, որ այնպիսի հացատեսակ, ինչպիսին լավաշն է, որևէ այլ ազգ երբևէ չի պատրաստել, չի պատրաստում ու չի էլ պատրաստելու: Միաժամանակ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ զարմանալի չէ թուրքերի դժգոհությունը:


«Թուրքերը շատ խիստ վիրավորված կարող են լինել, որովհետև ամենամեծ հովանավորը հենց իրենք են: Բայց ասեմ նաև, որ տարիներ առաջ հարիսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցվել է որպես թուրքական ուտեստ, բայց մենք նորից դիմելու ենք և ներկայացնելու փաստարկներ, որ դա հայկական է»,- ասաց նա:


Սեդրակ Մամուլյանը նաև նշեց, որ ընդհանրապես ինքը դեմ է, երբ միջազգային որևէ կառույցում վիճարկվում է հայկական մշակույթի արժեքներից որևէ մեկը, քանի որ այդ միջազգային կառույցները հիմնականում կաշառվող են:


«Չեմ կարծում, որ մեր մշակութային արժեքները մենք պետք է վիճարկենք, հատկապես որ միջազգային կառույցների հետ գործ ունենալը վտանգավոր է: Բայց ինձ համար այսօր առաջնային է, որ ամբողջ աշխարհն իմանա թոնիրի մասին, որ դա հայկական է»,- ասաց նա:


Սեդրակ Մամուլյանը նաև զարմանալի համարեց, որ թուրքերը նույն պայքարն են տանում բաստուրմայի հարցում, քանի որ այն իրականում վերցված է քոչվոր ցեղերից ու քոչվոր ցեղին բնորոշ ուտեստ է: «Նրանք ուշադրություն են դարձնում այն ուտեստներին, որոնք բնորոշ են նստակյաց կենցաղ վարող ազգին՝ փորձելով թաքցնել իրենց քոչվոր լինելը»,- ասաց նա:

 

 

 

Լավաշը թխվել է թոնիրում, իսկ թոնիրը բնորոշ է նստակյաց ժողովրդին, ոչ թե քոչվորներին, ինչպես թուրքերն են եղել