Եվրոպայի և Ասիայի մշակութային խաչմերուկում գտնվող 3 երկիր, որոնք պետք է տեսնել. The Guardian
The Guardian բրիտանական հեղինակավոր պարբերականը մշակութային խաչմերուկում գտնվող երեք կովկասյան երկրի մշակութային և զբոսաշրջային ներուժը պատկերող հոդված է ներկայացրել` պատմելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասին:
«Կովկասը բաղկացած է 3 երկրից, որոնք 3 տարբեր լեզվով են խոսում, սակայն առաջարկում են հոյակապ ուղևորություն Եվրոպայի և Ասիայի մշակութային խաչմերուկներում: Հարևան երկրներից յուրաքանչյուրն առաջարկում է ինքնատիպ խոհանոց, հետաքրքիր պատմություն և սիրալիր ընդունելություն», - այսպես սկսվում է Աննա Սյուելի հոդվածը:

«Անդրկովկասյան այս երկրները լեռնային տարածքներ են զբաղեցնում Սև և Կասպից ծովերի միջև` ձյունածածկ լեռնագագաթներով գեղեցիկ տեսարաններ առաջարկելով: Հարավային Կովկասը ներկայացնում է Հայաստանը, իսկ Հյուսիսային Կովկասը` Վրաստանն ու Ադրբեջանը:
Հայաստան կատարած այցը պետք է սկսվի կոսմոպոլիտ մայրաքաղաք Երևանից, որտեղ պահպանվել է Միջագետքյան շունչը, որը, սակայն, ներկայանում է նորաոճ սրճարաններով, առևտրի սրահներով և նրբաճաշակ ռեստորաններով: Երևանյան հուշանվերների շուկայում կարելի է տարբեր գեղեցիկ իրեր գտնել, ինչպիսիք են՝ գորգերը, կտավները, օբսիդիանից պատրաստված շախմատի տախտակը և ձեռագործ զարդերը:

Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, և երկրի տեսարժան բնապատկերներում հաճախ հայտնվում են հնագույն տաճարները, վանքերն ու եկեղեցիները, որոնցից ամենահայտնին Տաթևի վանքն է:

Ադրբեջանի առաջարկած զբոսաշրջային ուղղություններն են՝ գյուղատնտեսությունը, գրական տուրերը, կերպարվեստի ու երաժշտության միջոցառումները:

Վրաստանի ուշագրավ վայրերից է՝ մայրաքաղաք Թբիլիսին` շրջապատված մի քանի լեռնաշղթաներով: Քաղաքն առաջարկում է մի շարք տեսարժան վայրեր, ինչպիսիք են մայր տաճարը, Անչիսխաթի բազիլիկը և Նարիկալա ամրոցը:
Վրաստանի մեկ այլ տեսարժան վայրը Վանձիա վանքն է: 12-րդ դարի ժայռափոր այս վանքը ներկայանում է գաղտնի թունելներով, բարդ որմնանկարներով: Վանքի գործունեության օրոք այստեղ 6000 վանական է բնակվել:











