Ընտանիքը լիարժեք է, երբ կա Աստծո օրհնությունը. Արտավազդ և Մարիամ Ամիրյաններ
Qahana.am-ը զրուցել է Արտավազդ և Մարիամ Ամիրյանների հետ կյանքի, ընտանիքի, հավատքի ու սիրո մասին...
Արտավազդ. Ուսանող տարիքից Մանկավարժական համալսարանի գրեթե բոլոր միջոցառումները ես եմ վարել: Մարիամի հետ այդ շրջանակում ենք ծանոթացել: Նա ճանաչվել էր կուլտուրայի ֆակուլտետի լավագույն ուսանողուհի, համալսարանի ակտիվիստներից էր, ու գործի բերումով հաճախակի էինք հանդիպում: Այդ ամենը կամաց-կամաց վերաճեց սիրո, կազմեցինք ընտանիք:
-Հաճախակի չի պատահում, որ և՛ կինը, և՛ ամուսինը ամուր հավատք ունենան, Աստծո ճանապարհով քայլեն: Երկուսդ էլ, կարծեք, հոգևոր մեծ ներաշխարհով մարդիկ եք: Ընտանեկա՞ն դաստիարակություն է:
-Արտավազդ. Իմ ընտանիքը միշտ էլ հավատքով է եղել, եկեղեցու կողքին: Ինձ համար եկեղեցին հանգստանալու, նոր լիցքեր ստանալու օրրան է եղել: Հետագայում հայտնվեցին մարդիկ, որոնց միջոցով առավել ներգրավվեցի եկեղեցական անցուդարձին, դարձա լավ ընկեր և բարեկամ: Հիմա հաճախ, ցավոք սրտի, եկեղեցի գնալու ժամանակ չեմ ունենում:
-Մարիամ. Կարծում եմ, հավատքն իմ ներսում ի ծնե է եղել: Ծնողներիս և իրենց սանիկի շնորհիվ այն ավելի ամրապնդվեց, ավելի ու ավելի կապվեցի եկեղեցուն: Թեև ասեմ, երբ փոքր էի, Սբ. Զատիկի տոնին մայրիկիս հետ ոտքով յոթ եկեղեցիներ էինք գնում: Երբեմն հոգնում էի, բայց երևի այդ ամենը օգնեց՝ հավատքս ավելի ամրապնդվի: Կարծում եմ, հավատքը սահմաններ չունի, միշտ պետք է «նորոգել»: Պահ է գալիս, որ զգում ես՝ հեռվացել ես, ու նորից սկսում ես ամրապնդել:
-Դուք երիտասարդ, նորաստեղծ ընտանիք եք: Հոգևոր գիտելիքները, հարստությունը ընտանիքում որքանո՞վ են կարևոր, օգնո՞ւմ են: Տարաձայնությունների ժամանակ հիշո՞ւմ ու կիրառում եք «մի բարկացիր»-ը:
-Արտավազդ. Աշխատում ես անել ամեն բան, որ տարաձայնություններ քիչ լինեն տանը: Բայց դե կենցաղ է, երբեմն փոքրիկ խնդիրներ առաջանում են: Փառք Աստծո, մեր ընտանիքում անհամաձայնությունները քիչ են, այդ պատճառով հաճախ կարիք չի լինում հիշել «մի բարկացիր»-ը (ժպտում է): Եթե ընտանիքում հոգևոր իմաստություն կա, հնարավոր չէ, որ օգտակար չլինի: Այն կարևոր ու մեծ դեր է խաղում ամեն մեկի կյանքում, հարաբերություններում: Նաև կարևոր է, որ հոգևոր մթնոլորտում մեծացնենք մեր ապագա փոքրիկներին՝ դուրս մղելով ժամանակակից անիմաստ շատ նորամուծություններ, որոնք շատերին հեռացնում են հոգևոր կյանքից: Մեր ընտանիքում միշտ կարևոր և արժեքավոր է եղել ու կլինի հոգևոր դաստիարակությունը, որն առաքինություն է սերմանում: Յուրաքանչյուր ընտանիք, հատկապես մեր օրերում, ժամանակներում, դա պետք է կարևորի ու առաջնահերթ համարի:
-Մարիամ, Ձեր անունը ո՞վ է կնքել:
Մարիամ. Երբ մայրս ինձ սպասելուց է եղել, ինչ-որ մեկը հենց սկզբում ասել է, որ Մարիամիկ է ծնվելու: Այդպես էլ ինձ անվանակոչել են: Շնորհակալ եմ, որ անունս Մարիամ է: Հատկապես, երբ գիտակցում ես, թե ում անունն ես կրում, ավելի ես ուժեղանում:
Շարունակությունը՝ այստեղ։










