Հովհաննես Ազոյանի քաղաքական և հասարակական ատիվությունը պատասխանն էր ժողովրդի սիրուն, այսօր նա չի հասկանում ինչ է ուզում
Դերասան Հովհաննես Ազոյանը համաձայն է՝ հասարակությունն իրեն է՛լ ավելի սիրեց, երբ ինքը որոշակի դիրքորոշում ցուցաբերեց հասարակական-քաղաքական խնդիրների վրա։ Tert.am-ի հետ զրույցում դերասանը միաժամանակ ընդգծեց, որ իրեն սիրում էին ավելի վաղ և իր հասարակական ակտիվությունը պայմանավորված էր այդ սիրուն պատասխանելով։ Իսկ թե ինչու իր մասնակցությունն ընդդիմության հանրահավաքներին դադարեցրեց և զբաղվում է իր գործով՝ դերասանությամբ, պարզաբանեց. «Այնքան է խառնվել դաշտը, որ ես իսկապես չեմ հասկանում ինչ է կատարվում, չեմ հասկանում ես ինչ եմ ուզում։ Առաջ հասկանում էի ինչ էի ուզում, առաջ արդարություն էի ուզում, որ ճնշում չլիներ ժողովրդի վրա... հստակ բաներ էի հասկանում, որ ուզում եմ, հիմա չեմ հասկանում»։
-Եթե խոստովանենք, հասարակության կողմից Դուք ավելի շատ սիրվեցիք ու ընդունելի դարձաք այն ժամանակ, երբ հասարակական-քաղաքական կյանքում որոշակի ակտիվություն դրսևորեցիք...
-Կարծում եք դրա համար սիրվեցի՞։
-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, դա դե՞ր չունեցով, Դուք չզգացի՞ք հասարակության կողմից Ձեր նկատմամբ վերաբերմունքի որոշակի փոփոխություն։
-Հա զգացի, ճիշտ եք, իհարկե՛ զգացի, բայց չէի անում դա զգալու համար, ես արեցի և նոր զգացի։ Դա անում էի, որովհետև իրականում մեր ժողովուրդը ինձ սիրել է դեռ երբ ես КВН էի խաղում, մարդիկ ճանաչելուց բացի նաև սիրում էին, այդ սերն ինձ նվիրեցին և իմ ակտիվությունը պայմանավորված էր այդ սիրուն պատասխանելով։ Ես մեր հայ ժողովրդի սիրուն պատասխանել եմ։
-Իսկ քաղաքական այսօրվա օրակարգն ինչպե՞ս եք գնահատում, ժամանակին Ձեր ընդդիմադիր լինելը չէիք թաքցնում, գնում էիք հանրահավաքների, այսօր կարծես ոչ, այն դեպքում, երբ այսօր էլ հանրահավաքներ լինում են ու ավելի ընդլայնված կազմով։
-Այնքան է խառնվել դաշտը, որ ես իսկապես չեմ հասկանում ինչ է կատարվում, չեմ հասկանում ես ինչ եմ ուզում։ Առաջ հասկանում էի ինչ էի ուզում, առաջ արդարություն էի ուզում, որ ճնշում չլիներ ժողովրդի վրա... հստակ բաներ էի հասկանում, որ ուզում եմ, հիմա չեմ հասկանում։ Էնքան է ամեն ինչ խառնվել, իսկ մենք պետք է հասկանաք, թե ինչ ենք ուզում, եթե դա չհասկանաք, մենք այսպես էլ կշարունակենք ապրել ու ավելի վատ։
-Դուք ի՞նչ է արդեն հույս չունեք, որ ինչ-որ բան հնարավոր է փոխել։
-Ո՛չ, որովհետև ես տեսնում եմ, որ մենք չգիտենք, թե ինչ ենք ուզում, ինչ ձևի ժողովուրդ ենք ուզում լինել, ինչ փոփոխություններ ենք ուզում ունենալ, բայց այդ փոփոխությունները մենք իմանանք, սովորենք, ազնիվ լինենք փոփոխությունների որակի վերաբերյալ, լիքը հարցեր կան որ պետք է արվի, բայց ես ֆիլում եմ խաղում.. այդքանը։
-Այսինքն՝ հիմա ավելի շատ Ձեզ նվիրե՞լ եք մշակութային գործունեությանը։
-Ես միայն մի բան կարող եմ անել, որպեսզի գումար վաստակեմ. ես կարողանում եմ դերասանություն անել, ես դրանով եմ գումար վաստակում։
-Ձեզ դուր են գալիս Ձեր կերտած կերպարները, չե՞ք կարծում, որ դրանք շատ հաճախ մեկը մյուսի կրկնությունն են։
- Ես դա չեմ զգում, և ես փորձում եմ ամեն ֆիլմում մի նոր բան դնել կերպարիս մեջ, Դուք ասում եք կրկնվում է, ես էլ ասում եմ չի կրկնվում, ինքն աճում է։ Ի դեպ, «Ուրիշի փոխարեն» ֆիլում լրիվ նոր կերպար եմ խաղում, գրոտեսկային է, կոմեդի-գրոտեսկային։
-Իսկ մշակույթում կողմնորոշվե՞լ եք, թե ինչ եք ուզում, ասացիք, որ արդեն չեք հասկանում ինչ եք ուզում հասարակական-քաղաքական կյանքում։
-Չէ , դրանք իրար հետ կապված են, ամբողջը մի աղբյուրից է գալիս, մենք մի հստակ աղբյուր պետք է ունենանք, թե ինչ ենք ուզում, իսկ դրա հասցեատերը իշխանությունն է։ Իշխանությունը պետք է հստակ ծրագիր ունենա, թե ինչ է ինքը ուզում, որին էլ մենք գնանք։ Կարող է մի փոքր բանի գնանք, օրինակ՝ որոշենք, որ 5 տարի զբաղվում ենք աղբը երկրից հանելով, որ աշխարհում միայն մենք ենք կարողանում աղբը լավագույնս երկրից հանել, 5 տարվա պլան լինի ու մենք ազգովի դա անենք, ես օրինակ եմ բերում։
-Բայց հիմա կարծես կա չէ՞ նման ծրագիր, ինչպես օրինակ՝ ազգովի կենտրոնացել ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի աշխատանքների վրա, դեռ ավելին՝ ոչ թե ազգովի, այլ համահայկական ջանքերն ենք փորձում ուղղել ճանաչման գործընթացին։
-Այո, բայց ոչ եթե դա պետք է վերածվի անբնական բանի, այսինքն՝ մարդու բնական էությունից հեռու լինի, դրանից ոչինչ չի ստացվում։ Կարծում եմ աշխարհի հետ պետք է խոսել մարդու բնական լեզվով ընդամենը։
-Իսկ Ձեզ մոտ ստացվում է կինոյից դուրս բնական լեզվով խոսե՞լը։
-Կյանքում էլ փորձում եմ, բայց խորհուրդ չեմ տա կիրառել բոլորին։
-Ինչո՞ւ...
-Որովհետև ես արտիստ եմ և կարող եմ ինձ թույլ տալ։










