Մտածում եմ երկրորդ անգամ մայրանալու մասին, սպասում եմ այդ հրաշքին. Լուիզա Ղամբարյան. Life.panorama.am

17:25 • 29.11.14

Երբ աշխատանքդ սիրով ես կատարում, ցանկացած դժվարություն հաղթահարելի է դառնում: Life.panorama.am-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի,Լուիզա Ղամբարյանը, ով օրվա մեծ մասն անցկացնում է թատրոնում ու նկարահանման հրապարակում, սակայն ընտանիքը դրանից երբեք չի տուժում: Ինչպե՞ս է ստացվում կերպարից կերպար անցումը, ո՞րն է ընտանեկան անդորրի պայմանը և ի՞նչ ամանորյա հրաշքի է սպասում նա՝ կպատմի հենց ինքը:

-Որքան նկատեմ եմ, բավական հագեցած է Ձեզ համար 2014 թվականը: Ներկա պահին միայն սերիալո՞ւմ եք, թե՞…

-Վերջերս նկարահանվեցի երկու գեղարվեստական ֆիլմում, որոնց վրա աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: Ֆիլմերից մեկը նվիրված է ցեղասպանության 100-ամյակին, աշխատանքային վերնագիրն է «Հիշողություն», մյուսը որոշ չափով առնչվում է 2006 թվականին Երևան-Սոչի օդանավի ողբերգական պատմությանը, կոչվում է «Անավարտ թռիչք»: Նոր-նոր սկսել եմ համեմատաբար հանգստանալ, միայն թատրոնի ներկայացումներում և սերիալային նկարահանումներում եմ զբաղված:


-Ինչպե՞ս էիք հասցնում. երկու ֆիլմ, սերիալ, թատրոն, գումարած ընտանիք՝ ամուսին, երեխա:


-Ես հակառակ հերթականությամբ կդասավորեմ. երեխա, ամուսին, թատրոն, սերիալ, ֆիլմ, քանի որ ես առաջին հերթին մայր եմ և կին, հետո նոր գործի մարդ: Հասցնում եմ, քանի որ սիրում եմ իմ աշխատանքը: Սերը շատ է օգնում, որպեսզի քո էներգիան ճիշտ ծախսես, համապատասխան լիցքեր ստանաս և կարողանաս արդյունավետության հասնել: Ինչ վերաբերում է տեխնիկապես հասցնելուն, ապա մայրս իմ աջ ձեռքն է, շատ է օգնում: Ամուսինս ըմբռնումով է մոտենում: Արդյունքում, կարողանում եմ այնպես համատեղել, որպեսզի ոչ ընտանիքը, ոչ աշխատանքը չտուժեն:


-Լուիզա, Ձեր աղջիկն արդեն քանի՞ տարեկան է:


-Ինն ու կես տարեկան լուրջ, բարի, համով-հոտով, գեղեցիկ մարդ է:


-Զգացե՞լ եք, մայրիկի մասնագիտությունն իրեն ձգո՞ւմ է:


-Այն էլ ինչպե՜ս: Ես չգիտեմ, իր կյանքում ինչ կընտրի, բայց համոզված եմ, որ արվեստի մարդ է լինելու, կլինի դա երգարվեստ, թատերարվեստ, պարարվեստ, թե մեկ այլ ճյուղ: Իր մեջ արվեստը շատ է: Եվ արտիստիկ է, և սիրում է բեմը: Այս տարիքում ակնհայտ է, որ իմ գենն ավելի ուժեղ է (ժպտում է):

-Իսկ հայրի՞կն ինչպես է տրամադրված:

-Հայրիկն ընդհանրապես իր տեսակով դեմոկրատ մարդ է և ազատ ընտրության կողմնակից: Ինքն էլ գտնում է, որ շատ ավելի լավ կլինի արվեստ, քան բժշկություն, որովհետև անձամբ գիտի բժշկության բոլոր դժվարությունները և չերևացող բացասական կողմերը: Ծանրագույն և պատասխանատու աշխատանք է: Իհարկե, դերասանի ճանապարհը ևս խոչընդոտերով հագեցած է, բայց զգում եմ, որ մեր դուստրը արվեստի ուղղին կբռնի: Իրեն միայն մեկ բան եմ ասել՝ ինչ էլ որ դառնաս, պետք է լինես լավը:
Միջակություն ես չեմ ընդունի:

-Մոտենում են ամանորյա տոները: Ինչպե՞ս և որտեղ եք պատրաստվում անցկացնել:


-Հայաստանում՝ մեր տանը: Վստահ եմ, որ ուրախ և գեղեցիկ մթնոլորտում կանցկացնենք:


-Ավանդակա՞ն սեղանի շուրջ եք սիրում հավաքվել, թե՞ նորամուծությունների կողմնակից եք:


-Եթե անկեղծ ասեմ, վերջին տարիներին միշտ արտերկրում ենք անցկացրել: Տարբեր վայրերում, իրավիճակներում ենք Ամանորը դիմավորել, ամենակարևորը տոնական տրամադրությունն է: Տարածքն ու սեղանի պարունակությունն ինձ համար նշանակություն չունի: Չկա տոնական որևէ ավանդույթ, որին հետևում եմ, կամ նախապատվություն տալիս: Կարևորն այն է, որ ընտանիքիս հետ լինեմ՝ անկախ նրանից՝ երկրում եմ, թե երկրից դուրս: Այդ օրը ոչ մի կորպորատիվ միջոցառման չեմ մասնակցում: Եվ հետո, կարևոր է նոր տարվա հրաշքը, որին հավատում եմ:


-Լուիզա, Ձեր բալիկը շուտով 10 տարեկան կդառնա: Չե՞ք մտածում ընտանիքի համալրման մասին:


-(Ծիծաղում է) Մտածում եմ արդեն այդ մասին: Դա Աստծո և նոր տարվա հրաշքի շարքից է: Սպասում եմ այդ հրաշքին:

Շարունակությունը՝ այստեղ։

 

Մտածում եմ երկրորդ անգամ մայրանալու մասին, սպասում եմ այդ հրաշքին. Լուիզա Ղամբարյան. Life.panorama.am