Վատ չէր լինի, որ խաղացանկի մասին մտածեին. Սերգեյ Դանիելյանը՝ Սունդուկյանի անվան թատրոնի վերանորոգման մասին
Դերասան Սերգեյ Դանիելյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի վերանորոգման ծրագրին, ասաց, որ շենքային պայմաններից բացի, վատ չէր լինի, որ թատրոնի ղեկավարություն ուշադրություն դարձներ խաղացանկի և դերասանների վարպետության վրա։
«Ավելի լավ է՝ ամաչեն, որ խաղում են այնպես, ինչպես ժամանակին Պետրոս Ադամյանն է խաղացել՝ 1800 թվականին»,– ասաց նա՝ ավելացնելով, որ լավ կլիներ, որ իրենք մտածեին նաև դերասանների վերապատրասման, պրոֆեսիոնալիզմի մասին, ոչ միայն՝ սարքավորումների:
«Եվ շատ թատրոններ կան, որ առանց այդ սարքավորումների նորմալ աշխատում են: Վատ չէր լինի, որ խաղացանկի մասին մտածեին, թող հետաքրքիր պիեսներ բեմադրեն, մարդիկ գան: Ոչ թե Սովետական միության օրոք ոնց աշխատում էին, այնպես էլ աշխատեն»,-ասաց դերասանը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գաբրիել թատրոնի նորոգման շուրջ ծավալված խոսակցություններին, ասաց, թե թատրոնը վերջին անգամ վերանորոգվել է 1963 թվականին:
«Սրանից առաջ ճեմասրահները, միջանցքներն էին վերանորոգվել, վարչական մասը թեթև, կոսմետիկ վերանորոգվել էր, աթոռների պաստառների փոփոխում էր եղել, այդքան բան»,-ասաց տնօրենը:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և «Էրստե» բանկի միջև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի նորոգման իրականացման համար արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի նախագծին: ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վաագներ-Բիրո կոնսորցիումի միջև նախատեսվում է կնքել 7 մլն եվրոյի ապրանքի և ծառայության մատուցման պայմանագիր՝ 23 տարի մարման ժամկետով:
Դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ եղան, որ շատ կասկածելի պայմանագրով է տրվել այդ վարկը, Ստեփան Դավթյանն ասաց, թե Կառավարությունն է երաշխավոր կանգնել 7 միլիոն եվրոյի:
«Կառավարության որոշումով կառավարությունն ինքն է երաշխավոր կանգնել վճարելու այդ գումարը»,- հաղորդեց տնօրենն՝ ավելացնելով, թե թատրոնի շենքի վերանորգումն ավստրիական կազմակերպություն է իրականացնելու։
«Հայաստանի հետ ոչ մի բան կապ չունի: Գումարն ավստրիական կողմն է վճարում, վճարում է ոչ թե Հայաստանին, այլ միանգամից ավստրիական կազմակերպությանը: Դեռ կոնկրետ ժամանակացույց չկա աշխատանքները սկսելու, տրամաբանորեն՝ երևի մարտին»,– ավելացրեց նա:
Տնօրենի փոխանցմամբ՝ ավստրիացիների կողմից հաշվարկներով և նախագծած աշխատանքներով պետք է կատարվի բեմահարթակի ամբողջ փոփոխությունը, բեմական մեխանիզմների փոփոխությունը, միջազգային ստանդարտներով ձայնային, լուսային տեխնիկաներ և բարձրակարգ նստատեղերի փոփոխություն:
Որքա՞ն կտևի շինարարությունը՝ հարցին տնօրենը պատասխանեց. «Ավստրիացիների ասելով՝ 6 ամիս»:
Իսկ վերանորոգման ընթացքում թատրոնը կմտածի բացման ժամանակ նոր ներկայացումներով հանդես գալ: «Տարբեր դահլիճներում քիչ քանակությամբ, բայց կունենանք ներկայացումներ, Հայաստանում և Արցախում շրջագայություններ, հյուրախաղեր»,-տեղեկացրեց տնօրենը:










