Այն, ինչ այժմ ես ինձանից ներկայացնում եմ, իմ ամուսնու՝ Արմենի շնորհիվ է. Մարիամ Մերաբովա (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսական «Голос» երաժշտական հեռուստանախագծի հայազգի մասնակից Մարիամ Մերաբովան ելույթ է ունենում արդեն 20 տարի՝ «Мирайф» խմբի կազմում, Jazz Parking նախագծում և նույնիսկ «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ որպես բեք-վոկալիստ։
Երգչուհու հետ զրուցել է ռուսական Комсомольксая правда պարբերականը։
Խոսելով «Голос» նախագծի մասին՝ Մարիամը խոստովանել է, որ շատ է անհանգստացել, քանի որ «կույր լսումների» ժամանակ ելույթ են ունեցել շատ ուժեղ մասնակիցներ և տարօրինակ կերպով ժյուրիի անդամներից ոչ ոք չի շրջվել, ինչն էլ նրան վախեցրել է։
Երգչուհին նշել է, որ իրենք ամուսնու հետ ունեն երաժշտական խումբ. «Այն ստեղծել է ամուսինս։ Ավելի ճիշտ, այն ժամանակ իմ ապագա ամուսինը՝ Արմենը։ Մենք ծանոթացել ենք քոլեջի 1-ին կուրսում։ 1998-ին նա ինձ հրավիրեց «Мирайф» խումբ, հենց այնտեղ էլ մինչ օրս երգում եմ։ Իսկ Արմենը դաշնակահար և հեղինակ է։ Մեր երգացանկը տարբեր է՝ մեր մշակումներով ջազային հիթերից մինչև հեղինակային երաժշտություն»։
«Реквием» երգի կատարումը նախագծի «նոկաուտների» փուլում մեծ արձագանք է ունեցել։ Բոլորը, ովքեր գտնվում էին բեմում և երգչուհու կողքին, լալիս էին՝ անգամ ժյուրիի անդամներն ու հանդիսատեսը։ Իսկ համացանցում տեղադրված հոլովակը մոտ 300.000 դիտում ունի արդեն, հիշեցրել է լրագրողը, ինչին Մերաբովան ժպիտով պատասխանել է՝ «Անկեղծ ասած, չեմ հիշում, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Դա իրական բացահայտում էր ինձ համար։ Նախկինում ես չէի համարձակվում դիպչել այդ երգին, քանի որ այն էտալոնային է։ Արդեն երգված։ Եվ դա իմը չէ։ Սակայն Լեոնիդ Ագուտինը (ժյուրիի անդամ, ում խմբում էլ հանդես է գալիս Մերաբովան-Tert.am) տվեց ինձ այդ համարը, և ես սկսեցի աշխատել։ Փորձերից առաջ ես հատուկ չէի լսում այդ երգն Ալլա Պուգաչովայի կատարմամբ։ Ես աշխատում էի նոտաներով։ Եվ լսում էի, թե ինչպես է կարդում Մարինա Ցվետաևայի այդ բանաստեղծությունն անկրկնելի Ալիսա Ֆրեյնդլիխը։ Դա իր ազդեցությամբ խելագար տեքստ է»,- խոստովանել է Մերաբովան։
Ելույթից հետո Պուգաչովայի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինս իր հիացմունքն է հայտնել։ Այնուհետ SMS-հաղորդագրություն է եկել Ֆիլիպ Կիրկորովից՝ ջերմ և աջակցության խոսքերով։
Մերաբովան նշել է նաև, որ մի քանի անգամ որպես բեք-վոկալիստ ելույթ է ունեցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում. Դիմա Բիլանի հետ՝ Ռուսաստանի համար, Անի Լորակի հետ՝ Ուկրաինայի համար, Դիմա Կոլդունի հետ՝ Բելառուսի համար, և Եվա Ռիվասի հետ՝ Հայաստանի համար։
«Դա հսկայական պատասխանատվություն է։ Բացի այդ սիրտդ կտոր-կտոր է լինում՝ ո՞ւմ համար պայքարել։ Ցանկանում եմ և՛ Հայաստանի համար, քանի որ ես հայուհի եմ, և՛ Ռուսաստանի համար, քանի որ ես այստեղ եմ մեծացել»,- պատմել է երգչուհին։
Մերաբովան պատմել է նաև ամուսնու և երեխաների մասին. «Միայն շնորհիվ իմ ամուսնու ես բացահայտվեցի։ Նա իմ ուսուցիչն է։ Այնպես որ, այն, ինչ այժմ ես ինձնից ներկայացնում եմ՝ որպես կատարող, իմ ամուսնու ձեռքբերումն է։ Եվ ընդհանրապես, եթե չլիներ Արմենը, այս ամենը չէր լինի։ Մենք մտածում և ընկալում ենք գրեթե միանման։ Ես ամուսնուս ետևում եմ և միշտ վստահում եմ նրան»։
Անկախ ելույթներից, շրջագայություններից և նկարահանումներից՝ երեխաները միշտ նրանց կողքին են։ Միշտ նրանց հսկողության տակ։
«Ավագ դուստրս՝ Իրման, շուտով կդառնա 19 տարեկան։ Նա իմ օգնականն է։ Շատ է օգնում 7-ամյա Սոնյայի և 1.5 տարեկան Գեորգիի խնամքի հարցում։ Իրման ավարտել է Դունաևսկու անվան երաժշտական դպրոցը, սակայն ընդունվել է ճարտարապետաշինարարական քոլեջ և արդեն 3-րդ կուրսում է։ Սոնյան նույնպես հաճախում է երաժշտական դպրոց, իսկ Գեորգին, կարծես, նույնպես երաժշտական տղա է, անընդհատ երգում է և պարում»,- պատմել է Մերաբովան։















