Մեր խոնարհումը՝ երկրաշարժից զոհվածներին. դեկտեմբերի 7-ին տեղի կունենա Վահան Արծրունու տարվա եզրափակիչ համերգը
Դեկտեմբեր յոթին տեղի կունենա երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունու տարվա եզրափակիչ համերգը: Այսօր կայացած ասուլիսին երգիչը նշեց, որ ներկայացնելու է կամերային ստեղծագործություններ՝ ասելով, որ փորձում է այնպես անել, որ յուրաքանչյուր համերգի ծրագիր տարբերվի նախորդից։
«Այդ օրը մեր խոնարհումը, հիշատակի տուրքը կտանք երկրաշարժից զոհվածներին»,-ասաց նա և ավելացրեց, որ դեկտեմբերի յոթին հատուկ ծրագրով է ներկայանալու:
Վահան Արծրունին ներկայացրեց նաև իր նոր ձայնասկավառակը, որը ներառում է կենդանի կատարումներ համերգներից: Երաժիշտը նկատեց, որ այսօր ձայնասկավառակի դարն անցել է: «Դրա արտադրությունը սիմվոլիկ նշանակություն ունի»,-ասաց նա:
Խոսելով 2015 թվականի ծրագրերի մասին՝ երգահանն ասաց, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ երկու մեծ ծրագիր է պատրաստել կամերային երաժշտության ոլորտում։
Անդրադառնալով ակումբային մշակույթին՝ երաժիշտն ասաց, որ ակումբային մշակույթը նաև անմիջական շփում է նախատեսում հանդիսատեսի հետ. «Ակումբային մշակույթը վերջին տարիներին է զարգացել Երևանում և յուրաքանչյուր ոլորտի երաժշտասեր կարող է իր հետաքրքրությունը գտնել տարբեր երաժշտական ակումբներում»:
Վահան Արծրունին չի կիսում նաև այն համոզմունքը, որ երիտասարդությունն այսօր անհաղորդ է որակյալ երաժշտությանը:










