Տականքն ազգային պատկանելություն չունի, Նաիրի Հունանյանը ի՞նչ ազգ էր. Շարմազանովը հանդարտության կոչ է անում

22:10 • 15.01.15

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին անդրադաձ է եղել նաև Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդին:  ՀՀԿ ԳՄ նիստից հետո  լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

«Գյումրու դեպքը ողբերգություն է բոլորիս համար, բայց իրականացնողը ձերբակալվել է, իրականացնողը ստահակ և տականք է, բայց միևնույն ժամանակ՝ չեմ կարծում, որ զգացմունքներին պետք է տրվենք,  հուզականության չափաքանակի ավելացումը որևէ  օգուտ չի տա գործին: Սա իրավական խնդիր է, և անհարկի քաղաքական գնահատականները որևէ մեկի շահերից չեն բխում»,-ասաց նա:

 

Նա նշեց, որ գլխավոր դատախազն առավոտվանից Գյումրիում է, ասուլիս է հրավիրել,   հանդիպել է գյումրեցիների հետ, հստակ ներկայացրել բոլոր մանրամասները: «Ամեն ինչ պետք է արվի, որ հանցագործը պատժվի օրենքի ողջ խստությամբ: Մնացած խնդիրներն իրավական են, և գլխավոր դատախազն ամեն ինչ պարզ, հանրամատչելի ասել է»,-ասաց նա:

 

Մեր դիտարկմանը, թե օրենքի ողջ խստություն ասելով՝ նկատի ունի Հայաստանի՞ օրենքի, թե՞ ՌԴ-ի, Շարմազանովը հակադարձեց, թե ինքը իրավաբան չէ, բայց և´ հայկական կողմը, և´ ռուսական կողմը հայտարարել են, որ հանցագործը համապատասխան պատիժ կստանա:

 

Շարմազանովը շեշտեց, որ ժողովրդի անհանգստությունը, վրդովմունքը  հասկանալի է, բայց կոչ արեց հանդարտության: «Կոչ եմ անում հանդարտության, հանգստության, ողբերգությունը եղել է, և դրա վրա թշնամիներ փնտրել պետք չէ մեր երկրում, այս ամենը ժողովրդի շահերից չի բխում»,-ասաց նա:

 

Շարմազանովը նշեց, որ «տականքը ազգային պատկանելություն չունի. «Նաիրի Հունանյանը ի՞նչ ազգ էր, Հունանյան եղբայրները ռու՞ս էին, թե՞ այլ ազգի ներկայացուցիչ: Խնդրանքս է՝ մեծ ողբերգություն է  եղել, բայց չի կարելի ավելորդ զգացմունքայնության տրվել»,-ասաց նա: