Երևանում տեղի է ունեցել հայկական ծանր ռոքի երեկո

14:51 • 22.02.15

Փետրվարի 21-ի երեկոյան «Ուլիխանյան» ակումբում միասին հանդես եկան լեգենդար «Էլիպս», «Նաիրի», «Հայարդ»  հայկական ռոք խմբերը:

 

Այլոց հեղինակած հայտնի երգերի, ինչպես նաև սեփական կատարումներով առաջինը հանդես եկավ «Հայարդը», որն այսօր մատուցում է արդի հայկական երաժշտություն, որից էլ ծագել է խմբի անվանում:

 

Սոլո-կիթառահար Անդրե Վարդանյանը խոստովանում է, որ համերգը սպասվածից առավել լավ անցավ։ «Ոչինչ նախօրոք պլանավորված չի եղել, եթե լիներ, ինչ-որ կեղծ, արհեստական բան կզգացվեր: Ինչ զգում ենք, դա էլ նվագում ենք: Ռոք երաժշտությունը հիմնված է էմոցիաների վրա, ինչքան վառ էմոցիա փոխանցես մարդկանց, այդքան լավ: Բեմում մշտապես կռիվ կա իմ ու խմբի սոլիստ Գարիկի միջև,կարծում եմ՝ հետաքրքիր է ստացվում: Այսօր հանդիսատեսից ստացանք այն բոլոր ապրումները, որոնք անհրաժեշտ են երաժշտին ոգեշնչվելու համար»,– ասաց նա:

 

«Հայարդին» հաջորդեց «Նաիրի» ռոք խումբը, որի գլխավոր առանձնահատկությունը հայկական դասական ռոքի, ծանր մետալի միախառնումն է հայկական էթնիկ էլեմենտների հետ: «Նաիրին» կատարեց իր լավագույն երգերից մի քանիսը՝ Կոմիտասի «Շուշիկի» երգը սեփական մոտեցմամբ, «Ջանն է հավատը», «Մեր նուռը մեր տունն է», Արցախի պատերազմին մասնակցած ազատամարտիկներին նվիրված «Հե՜յ, քաջեր» երգը:

 

Հարցին,թե այս համերգն ինչով է տարբերվում «Նաիրիի» մյուս համերգներից, խմբի սոլիստ Արտ (Phoenix) Դարբինյանը պատասխանեց.« Նախ այս համերգը տեխնիկական պատճառներով երկար ժամանակ չէր կայանում, բայց, վերջապես, երեք գրեթե նույն ֆորմատի խմբերը միացել են իրար, և մենք պատիվ ունենք նվագելու հարդ ռոքի վետերան «Էլիպս» խմբի հետ»։               

                                                                             

Զրույցից պարզ դարձավ, որ «Նաիրին» պատրաստում է մեծ նախագիծ՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կնկարահանվի նաև տեսահոլովակ:

 

Խումբը հանդիսատեսի համար նաև անակնկալ ուներ. կայացավ «Մի քիչ սիրիր ինձ» երգի շնորհանդեսը, որի աուդիո տարբերակն անգամ դեռևս չկա: Երաժիշտերը կատակում են՝ դե հայ ենք, պիտի թարս անենք,սկզբում պրեմիերան, հետո՝ աուդիոն:

 

Պրեմիերային զուգընթաց կայացավ նաև «չպրեմիերա» «Էլիպս» լեգենդար խմբի կողմից, ովքեր 80-90-ականներին ակտիվ գործունեություն են ծավալել: «Իսկ մենք պատրաստել ենք չպրեմիերա: Այսօր մեր հին երգերից մեկն առաջին անգամ կկատարի որդիս՝ Արսենը»,-ասաց խմբի վոկալիստ Ռոման Մխիթարյանն ու բեմ հրավիրեց պատանի որդուն: Հուզված էին թե հայրը,թե որդին:


                                                                             
«Էլիպսը» հանդիսատեսին ներկայացրեց իր հիթերը՝ ներառյալ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված «Սև անձրև» երգը։ Իսկ ահա երեկոյի վերջում խմբերը միասին կատարեցին համաշխարհային երգերի քավր տարբերակները:

Երևանում տեղի է ունեցել հայկական ծանր ռոքի երեկո