Նոր հնարավորություններ՝ երեխաների համար. «Նոա» ֆուտբոլային ակումբի նորաբաց ակադեմիան շարունակում է ընդունելությունը (տեսանյութ, լուսանկարներ)
«Նոա» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան կենտրոնը շարունակում է ընդունելությունը՝ հնարավորություն տալով երեխաներին առաջին քայլերը կատարել ֆուտբոլում կամ զարգացնել արդեն իսկ ձեռք բերված հմտությունները՝ ժամանակակից մարզումային պայմաններում։
Ակումբի մանկապատանեկան կենտրոնը վերաբացվել է այս տարվա սեպտեմբերին, նախատեսված է մինչև 1,500 երեխայի համար։

«Մեր ակադեմիայի վերաբացումը լայն հետաքրքրություն է առաջացրել հասարակության մոտ, նաև արդեն իսկ մարզվող երեխաների մոտ նկատել ենք մոտիվացիայի ավելացում, պատրաստակամություն և պատասխանատվություն՝ մարզվելու մեր մոտ»,-ասում է «Նոա» ՖԱ-ի մինչև 15 տարեկանների թիմերի մարզիչների պատասխանատու Նարեկ Սարգսյանը։
Կենտրոնում գործում են մարզումների ու կրթական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տարածքներ: Մանկապատանեկան կենտրոնը «Նոա»-ի մարզումային համալիրի մաս է կազմում, որտեղ առկա են բնական և արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր։

«Ակադեմիայի վերաբացումից հետո մեր սաներն ունեն բոլոր հնարավորությունները, որոնք պետք է լինեն ֆուտբոլի բարձրակարգ ակադեմիաներում: Ունենք լավ կահավորված հանդերձարաններ՝ իրենց լոգասենյակներով, որպեսզի մարզումից հետո երեխաները կարողանան ամբողջությամբ պատրաստ գնալ տուն և անցնել իրենց դասերին: Ունենք մեծ լսարան, որն ինձ համար առանձնապես կարևոր է, քանի որ կարող ենք վերլուծել հակառակորդ թիմի խաղը, ինչպես նաև մեր խաղը, գտնել սխալները և աշխատել դրանց վրա»,-նշում է «Նոա» ակադեմիայի մարզիչ Լևոն Անտոնյանը։
Ստեղծված հնարավորություններին զուգահեռ՝ «Նոա»-ում կարևորում են ոչ միայն մարզական արդյունքը, այլև երեխաների նկատմամաբ անհատական վերաբերմունքն ու նրանց անձնական զարգացումը:
«Կարևորում եմ նաև աշխատասիրությունը, նվիրվածությունը՝ ֆուտբոլի հանդեպ, որը շատ կարևոր է ինձ համար: Դրան զուգահեռ՝ նաև տեխնիկական և ֆիզիկական որակները, որոնք ֆուտբոլի հիմնական բաղադրիչներից են»-հավելում է «Նոա» ակադեմիայի մարզիչ Աշոտ Գրիգորյանը։
«Նոա»-ի ակադեմիան հնարավորություն է տալիս տարբեր պատրաստվածության երեխաներին զբաղվել ֆուտբոլով՝ սկսնակներից մինչև ավելի փորձառու պատանիներ։ Մարզումների ընթացքում զարգացվում են ֆուտբոլային հմտությունները, ֆիզիկական պատրաստվածությունն ու թիմային խաղը՝ հիմք ստեղծելով ինչպես ակտիվ առօրյայի, այնպես էլ հետագա մասնագիտական զարգացման համար։ «Նոա»-ի մինչև 15 տարեկանների թիմերի մարզիչների պատասխանատու Նարեկ Սարգսյանը նշում է՝ նոր սերունդը, մշտապես, իրենց թվում է ավելի խելացի, ավելի արագ և ճկուն մտածող, իսկ մարզչական խումբը փորձում է քայլել նոր սերնդին համահունչ:
Մանկապատանեկան ֆուտբոլը «Նոա»-ի զարգացման ռազմավարության կարևոր ուղղություններից է: Ակումբը նպատակ ունի ձևավորելու ֆուտբոլիստների պատրաստման շարունակական համակարգ՝ հնարավորություն տալով երեխաներին զարգանալ և հետագայում հանդես գալ ավելի բարձր մակարդակում։

«Մենք բոլոր միջոցներով փորձում ենք օգնել երեխաներին՝ լավ մարզումներով, լավ խորհուրդներով, որպեսզի իրենք դառնան լավ ֆուտբոլիստներ, բայց ես շատ ուրախ կլինեմ, որ իմ մարզած սաներից մի քանիսը գոնե, մի քանի տարի հետո խաղա «Նոա»-ի առաջին թիմում և ինչու ոչ՝ նաև Հայաստանի հավաքականներում»-ասում է «Նոա» ակադեմիայի մարզիչ Աշոտ Գրիգորյանը։
Ակադեմիան շարունակում է ընդունելությունը: Մարզումային ծրագրերին և ընդունելության պայմաններին ծանոթանալու համար հետաքրքրվողները կարող են դիմել ակադեմիա՝ զանգահարելով 044 222089 հեռախոսահամարով կամ գրելով «Նոա» ֆուտբոլային ակումբի էլեկտրոնային հասցեին` admin@fcnoah.club: Գրանցվել հնարավոր է «Նոա» ակադեմիայի պաշտոնական հարթակում:


























