«Երեմյան» կաթնամթերքում խախտում չի հայտնաբերվել. վկայում են լաբորատորիաների փորձաքննության արդյունքները (տեսանյութ, լուսանկարներ)

15:51 • 04.11.26

Նմուշառումներ, լաբորատոր ստուգումներ, վերահսկողություն՝ արտադրական յուրաքանչյուր փուլում․ այս սկզբունքով է գործում «Երեմյան» կաթնամթերքի գործարանը, որն անցել է Հայաստանում գործող միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիաների անկախ փորձաքննությունները` ներկայացնելով իր պահուստային բոլոր նմուշները։

Արդյունքում պարզվել է՝ «Երեմյան» կաթնամթերքում խախտում կամ շեղում չկա, այն անվտանգ է և համապատասխանում է թե՛ պետական, թե՛ միջազգային չափորոշիչներին։

«Ցանկանում եմ ներկայացնել երկու միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիայի փորձարկման արձանագրությունը, որոնց արդյունքներով որևէ խախտումներ չեն հայտնաբերվել մեր կաթնամթերքներում։ Միաժամանակ ցանկանում եմ ասել, որ սա մեկանգամյա չէ, այն կազմում է մեր առօրյայի մի մասը: Ամենօրյա գրաֆիկով իրականացնում ենք յուրաքանչյուր խմբաքանակի լաբորատոր փորձաքննություն և երբևէ չհամապատասխանող արտադրանք մեր ընկերությունից բաց չի թողնվում»-ասում է «Երեմյան» կաթնամթերքի գործարանի սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման դեպարտամենտի ղեկավար Լիլիթ Աղայանը:

«Երեմյան» կաթնամթերքն անցել է նաև միջազգային աուդիտորական ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկի ստուգումները։ Ընկերությունը վերահաստատել է FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատին իր համապատասխանությունը։

«Համակարգի սերտիֆիկացումն իրականացվել է ավստրիական հանրահայտ աուդիտորական ընկերության՝ «Intertek SAI Global»-ի կողմից: Արդյունքում գնահատվել է սննդամթերքի անվտանգության պահանջների պատշաճ կիրառությունը և դրական գնահատմամբ ստացվել է համապատասխանության սերտիֆիկատ, որը եզակի է Հայաստանում: Միակ կաթնամթերք արտադրող ընկերությունն է, որն ունի նման սերտիֆիկատ»,-նշում է Լիլիթ Աղայանը:

Վերջին մեկուկես տարում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Երեմյան» կաթնամթերքի գործարանում իրականացրել է երեք  ստուգում, որոնք ավարտվել են դրական եզրակացությամբ։

Ընկերությունից վստահեցնում են՝ խախտումների բացակայությունը վերահաստատում է «Երեմյան» կաթնամթերքի «Սերմից՝ սեղան» հայեցակարգի կենսունակությունն ու արտադրական փակ շղթայի կարևորությունը։ 

Ունենալով Հայաստանի ամենամեծ սեփական ֆերման, տարածաշրջանում առաջին անգամ ներդնելով «Սերմից՝ սեղան» հայեցակարգը, իրականացնելով փակ շղթայով արտադրություն` «Երեմյան» կաթնամթերքն իր որակն արձանագրել է Ա կարգի կաթի, մանկական կաթի վկայագրումներով և սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացմամբ։

«Սննդամթերքի անվտանգության պահանջների ապահովումը խիստ կարևոր է ողջ շղթայում՝ հումքի ընդունման, արտադրանքի պատրաստման, պահպանման, տեղափոխման ընթացքում, կարճ ասած՝ հումքի ընդունումից մինչև սպառողի ափսե»-հավելում է «Երեմյան» կաթնամթերքի գործարանի սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման դեպարտամենտի ղեկավարը:

«Այստեղ իրականացվում է կաթի, կաթնամթերքի արտադրության համար բոլոր անհրաժեշտ ֆիզիկոքիմիական անալիզները՝ սկսած պատրաստի խառնուրդներից, մինչև յուղայնություն, թթվայնություն, ջրածնային ցուցիչի որոշում ու մնացած այլ փորձեր»-ասում է «Երեմյան» կաթնամթերքի գործարանի լաբորատորիայի պատասխանատու Արմեն Մկրտչյանը։ 

Ընկերության կաթնամթերքի՝ ևս մեկ միջազգային հավատարմագրմամբ լաբորատորիայի արդյունքները կստացվեն մոտ օրերս, որոնք նույնպես կհրապարկվեն՝ պահպանելով թափանցիկության և սպառողների հետ անկեղծ երկխոսության սկզբունքները։