Նյուրնբերգի թատրոնի միջազգային մրցույթում լավագույնն է ճանաչվել Կարինե Խոդիկյանի դրաման
Հայ երեք դրամատուրգների ձայնը կհնչի Նյուրնբերգի պետական թատրոնում: Մարտի 31-ին ամփոփվել են «Խոսելով սահմանների մասին» խորագիրը կրող թատերախաղի միջազգային ամենամյա մրցույթի արդյունքները: Մրցույթը Նյուրնբերգի պետական թատրոնի թատերական-գրական նախագիծն է, որն արևելաեվրոպական երկրների հեղինակներին հրավիրում է բանավիճելու «Կյանքի հանդեպ վերաբերմունքը քաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում» թեմայի շուրջ:
«Ամեն տարի մրցույթի անցկացման համար մեկ երկիր է ընտրվում: Այս տարիˋ իր տասներորդ հոբելյանական տարում, այն իրականացվում է Հայաստանում: Եվ դա շատ լավ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է ծրագրի նախաձեռնող, գերմանացի ռեժիսոր Քրիստիան Պապկենˋ միաժամանակ հավելելով, որ իրենք հրաշալի տեքստեր են ստացել:
Անանունության սկզբունքով անցկացված՝ հայաստանյան մրցույթում ներկայացված 13 աշխատանքներից լավագույն դրամա է ճանաչվել արձակագիր, դրամատուրգ և հրապարակախոս Կարինե Խոդիկյանի «2 պատմություն 5 դերասանի համար» գործը:
ՀՀ մշակույթի նախարարության սահմանած խրախուսական մրցանակներին են արժանացել Անուշ Քոչարյանը («Տարին առանց ամռան») և Սամվել Մարտիրոսյանը («Սահմանագիծˋ ոտքերի արանքում»):
«Այս պիեսներից բավական շատ բան եմ սովորել Հայոց պատմության մասին: Սակայն հաղթող աշխատանքը պատմական դրվագներ և Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաներ չի պարունակում: Այլ հեղինակը գեղարվեստական արտահայտչամիջոցներով փորձել է ներկայացնել հայկական հոգեկերտվածքը», - ասել է մրցույթի ժյուրիի անդամ Քլաուս Քուզենբերգը:
Նրա խոսքովˋ դրամայի լեզուն հստակ և հումորային է, և ցանկացած դերասանական խմբի համար հրաշալի խնդիր կլինի բեմականացնել այս գործը: Գերմանացի մտավորականների գնահատմամբˋ յուրաքանչյուր երկրում մրցույթի ընթացքում որևէ առանցքային թեմա է վեր հանվում, սակայն Հայաստանն աչքի է ընկել նրանով, որ ներկայացված գործերը բազմաբնույթ էին, և հայտերի մեջ մեկ կենտրոնական, առանցքային թեմա չի առանձնացվել:
Ժյուրիի անդամներից թատերագետ Արա Խզմալյանն էլ նկատեց, որ հայ դրամատուրգները պետք է սովորեն ավելի ազատ նայել աշխարհին, ազատվեն պատմությունը դրամատուրգիայի միջոցով ներկայացնելու միտումից:
«Դրամատուրգիան առաջին հերթին մարդու և մարդկայինի մասին զրույցի վայր է»,- ասաց նա:










