«ՄԷԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնի հայտագրումն սկսված է. ՆՓԱԿ
«ՄԷԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնի բաց հայտագրումն սկսված է. այս մասին հայտնում են Նորարար փորձառական արվեստի կենտրոնից և տեղեկացնում, որ կանոնակարգին և մասնակցության մանրամասներին հայտատուները կարող են ծանոթանալ ՆՓԱԿ-ի կայքում։
Հայտագրման վերջնաժամկետն է 21.04.2015:
«ՄԷԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը հիմնադրվել է 2003թ.-ին Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի գեղարվեստական ղեկավար, կինոռեժիսոր Գագիկ Ղազարէի կողմից: Փառատոնն ամենամյա է, այս տարի տեղի կունենա 13-րդ անգամ:
«ՆՓԱԿ»-ը ապահովում է փառատոնի տեխնիկական աշխատանքների կազմակերպումը, ֆինանսավորման զգալի մասը: Փառատոնը բաց է հանրության համար, մասնակցությունն անվճար է, տոմսեր չեն վաճառվում:
Հիմնադրման օրվանից մինչ օրս «ՄԷԿ ԿԱԴՐ» փառատոնը աջակցում է աուդիո վիզուալ դաշտում ստեղծագործող անհատներին ու կազմակերպություններին: Փառատոնը մրցութային է, որտեղ կարել է տեսնել աշխատանքներ ամբողջ աշխարհից, սկսած մեկ րոպեից մինչև լիամետրաժ դոկումենտալ և խաղարկային ֆիլմեր:
Փառատոնը ունի 3 մրցութային անվանակարգեր. «ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ», «ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ» և «ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ»:
Տրվում են դրամական պարգևներ. «Լավագույն հայկական «Մէկ կադր մէկ րոպե» ֆիլմ»-ին՝ 100.000 ՀՀ դրամ, «Լավագույն հայկական կարճ ֆիլմ»-ին՝ 200.000 ՀՀ դրամ։ Դրամական մրցանակների ձևավորման նվիրատուներն են՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը (տնօրեն` Գևորգ Գևորգյան), ՌԲԵՆ հիմնադրամը (նախագահ` Էդվարդ Պալասանյան), ՈՍԿԵ ԾԻՐԱՆ միջազգային կինոփառատոնը (գլխավոր տնօրեն` Հարություն Խաչատրյան), ՆՓԱԿ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ-ի ակտիվը:
Հրավիրվում է պրոֆեսիոնալ ժյուրի, որոնց հետ մասնակիցները ունենում են քննարկումներ, տեղի են ունենում վարպետության դասեր և հատուկ ցուցադրություններ:
Փառատոնը համագործակցում է Հայաստանում և արտերկրում աուդիո վիզուալ դաշտում գործող տարբեր կազմակերպությունների և փառատոնների հետ:













