«Թանգարանների գիշեր» միջոցառումը կանցկացվի «Թանգարաններ. Հիշողության վկաներ» խորագրով
Այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի իրականացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը։
Նա նշեց, որ այն մեկնարկել է 2005 թվականին՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ։ «Այս տարի ևս «Թանգարանների գիշեր» միջոցառումն ունի խորագիր և կոչվում է «Թանգարաններ. Հիշողության վկաներ»»,-ասաց նա` հավելելով, որ այն նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցին։
Փոխնախարարն ասաց, որ այս տարի միջոցառումների մասնակից թանգարանների թիվը 111 է, ինչը նախորդ տարվա համեմատ տասնմեկով ավելի է։ Նա նշեց, որ «Թանգարանների գիշերվա» առիթով արտերկրում ՀՀ մի շարք դեսպանատներում ևս նախատեսված են բազմազան միջոցառումներ։
Արև Սամուելյանն ասաց, որ միջոցառմանը միացել են նաև ԼՂՀ թանգարանները, և այս տարի նրանց թիվը տասներկուսն է։










