Թբիլիսիում տեղի է ունեցել Ռուբեն Սահակյանի «Հայոց Ցեղասպանություն» գրքի վրացերեն հրատարակության շնորհանդեսը
Թբիլիսիում «Թբիլիսի-Մարիոտ» հյուրանոցի ընդունելությունների դահլիճում մայիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նոր Պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանի «Հայոց Ցեղասպանություն» գրքի վրացերեն հրատարակության շնորհանդեսը:
Ինչպես տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը, այդ առիթով Թբիլիսի էին ժամանել ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և գրքի հեղինակը:
Իրենց ներկայությամբ շնորհանդեսը պատվել էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, քույր Եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի տարբեր շրջաններից ժամանած պետական և հասարակական գործիչներ, հայ և վրացի գիտնականներ, պատմաբաններ, վրաց հասարակական և քաղաքական կազմակերպությունների առաջնորդներ, հրեական, ասորական, եզիդական, ուկրաինական, օսական, բուլղարական, լրատվական և այլ համայնքային անդամներ, Թբիլիսիի հասարակայնության ներկայացուցիչներ:
Միջոցառման վարող Գիսանե Հովսեփյանը, ով նաև գրքի հրատարակության աշխատանքային խմբի ղեկավարն էր, անդրադարձ է կատարել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի կատարած աշխատանքներին, հանգուցային կետերից մեկը անվանելով վրաց հասարակությանը իրենց մայրենի լեզվով Հայոց Ցեղասպանության մասին գիտականորեն հիմնավորված գրականություն մատուցելը:
Նա ներկայացրել է աշխատանքային խմբի անդամներ թարգմանիչ Զոյա Մխիթարյանի, խորհրդական Գիվի Շահնազարի, խմբագիր Խաթունա Գափրինդաշվիլու, համակարգող Լևոն Չիդիլյանի, սրբագրիչ Դիանա Տեր-Բաղդասարովայի և դիզայներ Գոգա Դավթյանի անդուլ աշխատանքը, որի արդյունքում իրականացավ գրքի հրատարակությունը:
Դոկտոր Ռուբեն Սահակյանը շնորհակալության խոսքեր է ուղղել Վիրահայոց թեմի առաջնորդին, ում օրհնությամբ և աջակցությամբ իրականացվել է իր աշխատության թարգմանության հրատարակումը: Գիտնականը նշել է, որ գիրքն ավելի ծավալուն է և ամբողջական տեսքով հայերեն ընթերցողին կներկայացվի այս տարվա ավարտին, իսկ այս հրատարակության նպատակը եղել է վրաց ընթերցողին պարզ և համառոտ ներկայացնել Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության տարածքում Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության քաղաքականության պատմությունը, նաև տարբեր քաղաքներում ու գյուղերում հայերի ինքնապաշտպանության ճակատամարտերը, որոնց շնորհիվ արևմտահայության մի մասը փրկվեց ոչնչացումից և հաստատվեց աշխարհի տարբեր երկրներում:
Թարգմանիչ Զոյա Մխիթարյանը խոսել է գրքի վրա աշխատելիս իր ապրումների և հուզումների մասին, ինչը էլ ավելի խորացրեց հայ լինելու հպարտությունը:
Շնորհանդեսին հիմնական բանախոսությամբ հանդես է եկել ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Նա կարևորել է Հայոց Ցեղասպանության մասին աշխարհի 35 լեզուներով 55-60 երկրների արխիվային և պատմական նյութերի վերհանումը, որոնք կրում են այդ տարիներին Թուրքիայում գործող տարբեր երկրների դեսպանությունների, հյուպատոսությունների և միսիոներական առաքելությունների ֆակսիմելները:
Այդ նյութերի լուսանկարային պատճեները դրվելով Հայոց Ցեղասպանության մասին աշխատություններում, անհերքելի են դարձնում Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունը: Աշոտ Մելքոնյանն արժևորել է այն, որ այս գրքում պատշաճ կերպով նկարագրված է Բաթումի նահանգում վրացիների ու հայերի, Դիարբեքիրում ասորիների, Տրապզոնում հույների դեմ իրագործված ցեղասպանությունը:
Բանախոսն անդրադարձ է կատարել նաև հայերի նախահարձակման բացակայությանը, ընդգծելով, որ հայերի կողմից եղել են միայն ինքնապաշտպանական ճակատամարտեր: Ակադեմիկոսն իր խոսքն ավարտեց հուսով, որ վերոնշյալ աշխատությունն իր ներդրումը կունենա վրաց իշխանությունների կողմից արդարությունը ճանաչելու և Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու գործում:
Հավարտ միջոցառման ներկաներին իր օրհնությունն է բաշխել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքում կարևոր իրադարձություն անվանել է Հայոց Ցեղասպանության մասին վրաց հասարակության իրազեկման նպատակով առաջին ակադեմիական գրքի հրատարակությունը, ընդգծել է, որ Ցեղասպանությունն այսօր էլ շարունակվում է եզդիների, ասորիների և այլ ազգերի նկատմամբ, ուստի քաղաքակիրթ աշխարհին կոչ արեց համարձակորեն նայել ճշմարտությանը և որոշ հանգամանքների պատճառաբանությամբ չշեղվել արդարության ճանաչումից: Սրբազան Հայրը արժևորել է գրքում ինքնապաշտպանության ճակատամարտերի նկարագրությունը, որի արդյունքում փրկված հայերի մի մասը հաստատվեց Վրաստանում:
Գիրքը հատկացված է Ցեղասպանության պատմությունն ուսումնասիրողների, պատմաբանների և ընթերցողների լայն շրջանակների համար:











