Գյումրիում գործող բոլոր թանգարանները միացել են «Թանգարանային գիշեր» ակցիային

23:42 • 17.05.15

Գյումրիում գործող  բոլոր թանգարանները ևս միացել են «Թանգարանային գիշեր» ակցիային: Քաղաքում գործող բոլոր թանգարանները հատուկ ցուցադրություններ են պատրաստել այցելուների համար:  

Թեև բոլոր թանգարաններում միջոցառումները մեկնարկել էին մայիսի 16-ին և շարունակվել մինչև ուշ գիշեր, մայիսի 17-ի վաղ առավոտվանից թանգարանները կրկին բաց էին ինչպես գյումրեցիների, այնպես էլ քաղաք այցելած մեծաթիվ հյուրերի՝ այդ թվում  նաև «Եվրոպայի օր»  ծրագրի շրջանականերում Գյումրիում գտնվող  ԵՄ  պատվիրակության՝ ԵՄ անդամ պետությունների դեսպանների առջև:

Քաղաքում միջոցառումների շրջանակում ամենամարդաշատը Վարպետաց փողոցն է, որտեղ տեղակայված են Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանները և Մհեր Մկրտչյանի թանգարանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Մնացականյանը, այս մեկ օրվա ընթացքում թանգարանները կարող են ունենալ այնքան այցելու, որքան մեկ ամսվա ընթացքում: Ավելին, սա դարձել է ընտանեկան տոն. թանգարան այցելում են ընտանիքներով, ինչը շատ կարևոր է:

Այցելուների պակաս չեն ունեցել նաև  Շիրազի  և Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը, «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ը, Գյումրու Ժողովրդական Ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանը: Ասմունք, գեղանկարների և  ձեռքի աշխատանքների, ազգային տարազով տիկնիկների  ցուցադրություն, տիկնիկային և թատերական ներկայացումներ, համերգ, ինտելեկտուալ խաղեր, հագուստի և, վերջապես, նոր ֆոնդի ցուցադրություն. այս միջոցառումներն են նախատեսել  թանգարաններն իրենց այցելուների համար:

Գյումրու բոլոր  թանգարաններն առանձնակի են մոտեցել այս օրվան` միջոցառումները նվիրելով «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիային:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թանգարանների գիշեր» ակցիային և Թանգարանների միջազգային օրվան միացել են մի շարք նոր թանգարաններ Հայաստանուն և Արցախում: 

Գյումրիում գործող բոլոր թանգարանները միացել են «Թանգարանային գիշեր» ակցիային