Կան գիտական հիմնավորումներ, որ քոչարին հայկական է. Կարեն Գևորգյան

12:08 • 17.05.15

Քոչարին հայկական պար է եղել դեռևս նախաքրիստոնեական շրջանից՝ նվիրված խոյ կենդանակերպին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Աբովյանի անվան պետական  մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ, «Բերդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը՝ անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հայտարարությանը, որ հայտ են ներկայացրել, որպեսզի ազգային քոչարի պարը ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։


Կարեն Գևորգյանը նշեց, որ իրենք ի սկզբանե ընդգրկված են եղել այդ գործընթացում, ներկայացրել են քոչարի պարի համապատասխան բացատրությունը։


«Ոչ միայն քոչարին պետք է ներկայացնել, այլ մեր ամբողջ պարային ժառանգությունը պետք է ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ, այդ թվում շորոր, ռազմական, ծիսական պարատեսակի մեջ մտնող բազմաթիվ պարաձևեր, որոնք մեր հարակից հարևանները շատ հեշտությամբ ոչ միայն յուրացնում են, այլ նաև սեփականաշնորհում են,  և մենք կոնկրետ այդպիսի փաստեր ունենք»,- ասաց նա և նշեց, որ առաջնահերթ մշակույթի նախարարությունը պետք է հաստատի մեր պարերի ամբողջական հայկականությունը՝  Մուշի, Տարոնի, Վանի, Էրզրումի, Ալաշկերտի պարի անվանումները։


«Քոչարին պարատեսակ է, որն իր մեջ ընդգրկում է բազմաթիվ պարաձևեր, այն այսօր 50-ից ավելի պարաձևեր ունի։ Այն ամենահնագույն, հայկական խոյ կենդանակերպին նվիրված պար է»,- ասաց Կարեն Գևորգյանը։


Նա նշեց, որ ադրբեջանցիները յայլի անունով պար ունեն , որն իր մեջ  մեկ-երկու պարաձև է ներառում, սակայն դրանք բացառապես կապ չունեն մեր պարերի ո՛չ հոգեբանության, ո՛չ վերարտադրության, ո՛չ պարի նկարագրական ձևերի, ո՛չ կառուցվածքային դասակարգման հետ։ Կարեն Գևորգյանը նշեց, որ հույներն էլ, հնդիկներն էլ ունեն քոչարու նման պարեր, սակայն նրանք ասում են, որ դրանք հայկական պարեր են։

«Քոչարի պարն իր ամբողջական կառուցվածքով, շարժումների համադրությամբ, ցուցադրությամբ, հոգեբանությամբ միայն բնորոշ է հայկական լեռնաշխարհում ապրող մարդուն, միայն բնորոշ է հային։ Դրա համար էլ համաժողովրդական պար է համարվում, որովհետև բոլոր շրջաններում են պարում»,- ասաց նա։


Կարեն Գևորգյանը վստահեցրեց, որ կան համապատասխան ապացույցներ, գիտական հիմնավորումներ, որոնք վկայում են, որ քոչարին հայկական է։


Ինչ վերաբերում է անվանմանը, ապա նա ասաց, որ նախկինում «խոյ» արմատով բառերը շատ են՝ ինչպես օրինակ «խոյակապ-հոյակապ», «խոյակներ» բառերը։ «Խոյ կենդանու պաշտամունքի հետ կապված եղել են բազմաթիվ ծիսակարգեր, որոնք  կապված են եղել  պտղաբերության պաշտամունքի հետ։ Սրբացրել են այդ կենդանուն՝ որպես համարձակ կենդանու»,- ասաց նա և նշեց, որ «արի» արմատն էլ նշանակում է համարձակ։ «Քոչ» արմատը, նրա խոսքով, խոյ անվան հետ է կապվում և բացարձակ կապ չունի քոչվոր անվան հետ։

 

Կան գիտական հիմնավորումներ, որ քոչարին հայկական է. Կարեն Գևորգյան