Արցախում բացվել է հնդկական ապրանքների ցուցահանդես-տոնավաճառ
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մայիսի 17-ին բացվել է հնդկական ապրանքների ցուցահանդես-տոնավաճառ, որը կգործի մինչև մայիսի 24-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արցախի ներդրումային հիմնադրամի ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի, ծառայությունների շուկայում առաջմղման աջակցության ծրագրի պատասխանատու Մարգարիտա Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Երևանում անցկացվող հնդկական ապրանքների ամենամյա ցուցահանդես-տոնավաճառն Արցախում կազմակերպելն իրականացել է Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ:
Նրա հաղորդմամբ, տոնավաճառում ձևավորվել է մոտ 25 տաղավար` 30 հնդիկ գործարարների մասնակցությամբ, ովքեր Հնդկաստանի տարբեր նահանգներից են:
Տաղավարներում ներկայացված է հնդկական կահույքի, զարդերի, հագուստի, սննդի և դիմահարդարման պարագաների բազմազան տեսականի:
Ինչպես նշել է Մարգարիտա Բաղդասարյանը, արցախցիների կողմից հնդկական ապրանքատեսականու նկատմամբ հետաքրքրություն լինելու պարագայում Արցախի ներդրումային հիմնադրամը նպատակ ունի աջակցել, որպեսզի տոնավաճառի անցկացումն Արցախում շարունակական լինի:










