Ամեն ինչ հեշտությամբ չի տրվում. Pittsburgh Post-Gazette-ի անդրադարձը թավջութակահարուհի Կատյա Ջանփոլադյանին

14:30 • 18.05.15

Pittsburgh Post-Gazette պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել հայազգի թավջութակահարուհի Կատյա Ջանփոլադյանին, ով լրագրող Թոնի Նորմանի հետ զրույցում պատմել է հարևանների կողմից շրջափակված երկրում ապրելու դժվարին փորձի ու այդ պայմաններում սեփական երազանքի իրագործմանը հետամուտ լինելու մասին:



Երեսունյոթամյա երաժիշտը վերհիշել է, թե մանուկ ժամանակ ու դեռահասության տարիներին ինչպիսի դժվարությունների ու փորձությունների միջով է ստիպված եղել անցնել` իր երազանքին հասնելու համար:



Ծանր պայմանները, որոնք հետխորհրդային Հայաստանում տիրում էին` էլեկտրաէներգիայի բացակայությունը, ցուրտը, թեև շատ են խանգարել Ջանփոլադյանին, այնուհանդերձ՝ նա կարողացել է հաղթահարել ամենն ու իր գործի վարպետը դառնալ:

 

«Մութ ու ցուրտ տարիներին հայրս հաճախ էր բացակայում տնից,  որտեղ անչափ ցուրտ էր: Քանի որ մայրս, տատիկս, ես ու եղբայրս ի վիճակի չէինք ծառեր կտրել, ստիպված դրանց ճյուղերն էինք կոտրում ու վառում»,- պատմել է հայուհին:



Աղբյուրը մանրամասնում է, որ սոցիալական դժվարին պայմաններում Ջանփոլադյանը որոշում է կայացրել հեռանալ հայրենիքից և ուսումը շարունակել արտասահմանում: Սկզբում նա մեկնել է ԱՄՆ, հետո` Սանկտ Պետերբուրգ, որտեղ թավջութակահարուհին սեփական քառյակն ունի ու ակտիվ ստեղծագործական կյանք է վարում:

 

Հետադարձ հայացք գցելով Հայաստանում ապրած կյանքին և այն համեմատելով ներկայում Պետերբուրգում վարած կյանքի հետ` Ջանփոլադյանն ասում է. «Ես ուրախ եմ, որ անցա այդ ամենի միջով, ապրեցի շրջափակման տարիները, քանի որ դա ինձ սովորեցրեց  կարևոր մի բան. ամեն ինչ հեշտությամբ չի  տրվում»։