Վիեննայում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2015»-ի բացման հանդիսավոր արարողությունը

09:08 • 18.05.15

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 17-ի երեկոյան տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությունը:

 

Ինչպես նշում  է korrespondent.net-ը, միջոցառմանը հյուրերից առաջինը ժամանել է մրցույթի նախորդ տարվա հաղթող Կոնչիտա Վուրստը (իրական անունը՝ Թոմաս Նոյվիրտ), այնուհետ կարմիր գորգով անցել են «Եվրատեսիլ-2015»-ին մասնակցող բոլոր 40 երկրների ներկայացուցիչները:

 

Աղբյուրը հավելում է, որ մի շարք մասնակիցներ արդեն հասցրել են Վիեննայի օպերայի լեփ-լեցուն դահլիճում ելույթ ունենալ հանդիսատեսի առաջ:

 

Նշվում է, որ այս տարի կիսաեզրափակիչներն անցկացվելու են երեքշաբթի` մայիսի 19-ին, և հինգշաբթի՝ մայիսի 21-ին, իսկ եզրափակիչը՝ շաբաթ` մայիսի 23-ին: Հայտնի է, որ առանց նախընտրական փուլերն անցնելու արդեն եզրափակիչում են Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, ինչպես նաև՝ Ավստրալիան, որն այս տարվա մրցույթում նորեկ է:

 

Նշենք, որ Հայաստանը մրցույթին կներկայացնի Genealogy խումբը՝ աշխարհի տարբեր մայրցամաքներում բնակվող հայազգի Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ'Դոհերթին, ինչպես նաև՝ Ինգա Արշակյանը։ Նրանք կատարելու են «Face the Shadow» (հայերեն՝ «Առերեսվի՛ր ստվերին», նախկինում կոչվել է «Don't Deny»)։