Պիկասոյի թոռնուհին մտադիր է վաճառել նկարչի ամառանոցը՝ «պատմության ցավոտ էջը շրջելու համար»

13:36 • 18.05.15

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի թոռնուհի Մարինան պատրաստվում է վաճառել Կաննում գտնվող նրա ամառանոցը։ Նա դա անում է այն պատճառով, որ նրան հետապնդում են իր «անտարբեր» պապու մասին հիշողությունները, գրում է The Independent-ը:

 

Պիկասոն գնել է տունը 1955 թվականին և տեղափոխվել է այդտեղից 1961 թվականին, երբ նոր կառուցված շենքը փակել է ծովի տեսարանը: 64-ամյա Մարինան, ում հայրը Պիկասոյի որդին էր նրա առաջին կնոջից, ժառանգել է տունը 22 տարեկանում:

 

Առանձնատան հետ միասին Մարինան պատրաստվում է նաև վաճառել 1947-1965 թվականներին ստեղծված 126 յուրօրինակ կերամիկական աշխատանք:

 

«Կյանքը փոխվում է, իմ հինգ երեխաները մեծ են: Սա ինձ համար կլինի ցավոտ պատմության էջը շրջելու ճանապարհ: Ես այս տնից լավ հիշողություններ չունեմ: Շատ քիչ եմ տեսել պապիկին: Հետ նայելով՝ ես հասկանում եմ, որ նա տարված էր նկարչությամբ, և նրա համար ուրիշ ոչինչ առավել կարևոր չէր: Երբ մենք երեխա ենք, չենք հասկանում դա»,- ասել է նա:

 

Պիկասոյի թոռնուհին մտադիր է վաճառել նկարչի ամառանոցը՝ «պատմության ցավոտ էջը շրջելու համար»