Իրան-Հայաստան երկաթուղին ռազմավարական կարևորություն ունի Հայաստանի համար. «Ռուսական երկաթուղիներ»

19:36 • 12.06.15

«Ռուսական երկաթուղիներից» հայտնել են, որ կարևոր են համարում Իրան - Հայաստան երկաթուղու շինարարությունը` աշխարհաքաղաքական առումով: Սակայն այդ նախագծի իրականացումը առանց պետական աջակցության բարդանում է:

Ընկերության այս հայտարարությունն է փոխանցում «Կավկազ Օնլայն» պարբերականը և մանրամասնում. այս կերպ Հայաստանի համար ռազմավարական կարևոր նախագիծ կիրականացվի, որը թույլ կտա ՀՀ-ի տրանսպորտային ենթակառուցվածքները ինտեգրել եվրասիական և համաշխարհային տրանսպորտային համակարգերին:

Նախագծի իրականացման մեծ արժեքը և եկամտաբերության երկարատև ժամկետներն են, որ թույլ են տալիս ասել, թե առանց պետության աջակցության դա դժվարին կլինի:

 

Ըստ աղբյուրի` «Ռուսական երկաթուղիները» այս կերպ պատասխանել է որոշ լրատվամիջոցների` «Ռուսական երկաթուղիների» նախագահ Վլադիմիր Յակունինին վկայակոչումով այն հրապարակումներին, թե այս նախագծի իրականացումն անարդյունավետ է:

 

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` «Ռուսական երկաթուղիներից» հավելել են, թե ընկերության դիրքորոշումը այս նախագծի հարցում չի փոփոխվել, ուղղակի որոշ ԶԼՄ-ներ սխալ եզրահանգումներ են արել:

 

2014-ի օգոտոսին Հայաստանի կառավարության կողմից հավանության արժանացած այս նախագծի արժեքը գնահատվում է 3,5 մլրդ ԱՄՆ դոլար: Իրան -Հայաստան երկաթգծի ձգվածությունը կազմելու է 300 կմ: Սպասվում է, որ երկաթգծի շինարարությունը կավարտվի 2022-ին: Բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 25 մլն տոննա:

 

Իրան-Հայաստան երկաթուղին ռազմավարական կարևորություն ունի Հայաստանի համար. «Ռուսական երկաթուղիներ»