Թբիլիսիում շուրջ 10 կյանք խլած բնական աղետի հասցրած վնասը կգերազանցի մի քանի տասնյակ միլիոն լարին (լուսանկարներ)

12:46 • 14.06.15

Թբիլիսիին բնական աղետի հասցրած վնասը կարող  է կազմել մի քանի տասնյակ միլիոն լարի (2.2 լարին՝ 1 դոլար), հայտարարել է Վրաստանի կառավարությանը կից Անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի ղեկավար Մինդիա Ջանելիձեն, գրում է РИА Новости-ն։  

«Խոսել վնասի հստակ չափի մասին դեռևս վաղ է, քանի որ ընթանում է հաշվարկային գործընթացը։ Սակայն, նախնական տվյալներով, վնասը կգերազանցի մի քանի տասնյակ միլիոն լարին»,- հայտարարել է Ջանելիձեն։  

Հիշեցնենք, որ ուժեղ անձրևը, որն ուղեկցվել է ամպրոպով և քամիով, Թբիլիսիում տեղացել է ունեցել շաբաթ գիշեր։ Արդյունքում վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ։

Հունից դուրս է եկել Քուռ գետը հիմնականում աջ ափում, և չնայած այս պահին հաղորդվում է 8-10 զոհի մասին, ըստ նախնական գնահատականների՝ զոհերի թիվը կարող է շատ ավելին լինել, կան տասնյակ անհետ կորած վարորդներ ու այլ քաղաքացիներ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Վրաստանի նախկին Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ ազգային փոքրամասնությունների հարցով նախկին խորհրդական Վան Բայբուրդը:

 

«Տասնյակ մեքենաներ են կորած, նրանց վարորդները, տաքսու վարորդներ, փնտրվում են։ Սաբուրթալո տանող ճանապարհի վրա թաղամասերը, գարաժները, մեքենաները, հին տները, բոլորը սրբել, տարել է: Շատ ահավոր ծանր վիճակ է»,-ասաց Վան Բայբուրդը ու հավելեց, որ այդ թաղամասում բնակվում են նաև հայեր:


«Հեռուստատեսությամբ լսեցի նոր, որ կիրճի բնակիչներից Մարինա Օգանեզովան և իր ընտանիքը փրկվել են, բայց տուն չկա»,-այդ թաղամասում, ըստ Վան Բայբուրդի, ապրում էր նաև Սայաթ-Նովա համույթի քամանչահարը, բայց նրա ազգանունը զոհերի թվում այս պահին չկա:


Վան Բայբուրդը նշեց, որ այնպիսի անձրև, ինչպես երեկ գիշեր է եղել, Վրաստանում 50 տարի առաջ է տեղացել, և առհասարակ վերջին ժամանակաշրջանում շատ ուժող և հորդառատ անձրևներ են տեղում։

 

«Այսպիսի բան ոչ ոք չի հիշում Թբիլիսում, ասում են՝ 50 տարի առաջ, բայց ոչ այդ շրջանում, որտեղ հիմա է»,-ասաց թիֆլիսահայը:

 

Ինչպես հայտնում են վրացահայ համայնքից՝ քանի որ գազանանոցից առյուծներ, վագրեր, արջեր, գետաձի ու գայլեր են փախել, մարդկանց զգուշացվել է, որ բնակարաններից դուրս չգան, իսկ Թբիլիսիի երկնքում ուղղաթիռներ են պտտվում:

 

Երեկ հաղորդվում էր, որ ոստիկանությունն այժմ փնտրում է կենդանիներին, մի քանիսին հաջողվել է գտնել ու վերացնել։

 

«Այդ կորած համարվող կենդանիները, որոնցից վախենում են, որ քաղաքում լինեն, արդեն երեք արջ է սպանված, առյուծ, վագր, էդ պահին չեն հասցրել, նրանց քնեցնող բաներ էին կրակել, որովհետև վախ կար, վտանգ, որ էդ պայմաններում կհարձակվեն մարդկանց վրա»,-մանրամասնեց Թբիլիսիի բնակիչը:


Վան Բայբուրդն ասաց, որ հաղորդվել է, որ երեք արջերի, գետաձիու, վագրերից ու առյուծներից մի քանիսին արդեն վերացրել են:

 

Ինչ վերաբերում է հայկական եկեղեցիներին, ապա հատկապես տուժած թաղամասում չկան հայկական եղեցիներ:

 

Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան:

 

Թբիլիսիում շուրջ 10 կյանք խլած բնական աղետի հասցրած վնասը կգերազանցի մի քանի տասնյակ միլիոն լարին (լուսանկարներ)