Թբիլիսին հեղեղվել է հորդառատ անձրևների հետևանքով. կա 10 զոհ և տուժածներ (լուսանկարներ)
Անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները սողանքներ են առաջացրել և հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետևանքով առնվազն տասը մարդ է զոհվել, ևս մի քանիսը անհետ կորած են համարվում։
Այս մասին հայտարարել է քաղաքապետ Դավիդ Նարմանիյան, գրում է rt.com-ը։
Ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Վրացական իրավապահները տեղական ԶԼՄ-ներին հայտնել են երկու կանանց մահվան մասին, որոնց մարմինները հայտնաբերել են հեղեղված տանը։
Եվս մեկ մարդ մահացել է քաղաքի ծայրամասում ճանապարհի վրա սողանքի հետևանքով։ Այլ մահացածների և տուժածների մասին տվյալները ճշտվում են։
Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Բացի այդ, նշվում է, որ կենդանաբանական այգուց փախել են գիշատիչներ։




















