Քիշնևի հայկական եկեղեցու հարակից գերեզմանատունը փորձում են խլել համայնքից. համայնքի ղեկավար

18:28 • 23.07.15

Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանն ահազանգում է՝ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում գտնվող Սուրբ Հարություն հայկական եկեղեցու և դրան հարակից հայկական գերեզմանատունը ցանկանում են ապօրինաբար վերցնել համայնքից։

 

Tert.am-ի հետ զրույցում Վեներա Գասպարյանը նշեց, թե քաղաքի գերեզմանատների տնօրենը երկու օր առաջ հերթական անգամ ներխուժել է հայ համայնքին պատկանող տարածք, ընդ որում՝ ոստիկանության ու քաղաքային իշխանության ղեկավարության ներկայացուցիչների հետ միասին և պահանջել  են ազատել տարածքը:


«Գերզմանատան ղեկավարն ամեն ձևով ուզում է մեր ձեռքից վերցնել, քանի որ հենց քաղաքի կենտրոնում ենք և տեղը բավական թանկարժեք է: 14-րդ դարի հայկական գերեզմանոց է, բոլոր  պատվավոր հայերն այստեղ են թաղված: Մեր պահանջն է եկեղեցին իր տարածքով միացնեն հայկական գերեզմանոցին և վերադարձնեն հայ համայնքին»,- ասաց նա:  

 

Հայ համայնքի ղեկավարը նշեց, որ հուլիսի 21-ին շուրջ 10 հոգով կրկին եկել էին ոստիկանության հետ, շրջանային ղեկավար մարմնի ներկայացուցիչների հետ և պահանջում էին դուրս գալ այդտեղից: «Ո՞նց կարող ենք դուրս գալ, երբ սա մեզ է պատկանում դարերով: Բոլոր փաստաթղթերն ունենք, հարյուրավոր թղթեր ենք ներկայացրել»,-ասաց նա:

 

Վեներա Գասպարյանը նշեց, որ հայկական տարածքի վրա աչք են դրել շատ ավելի վաղ և 2003թ-ին իրենց հաջողվել է հայկական եկեղեցին վերադարձնել համայնքին, սակայն տվել են առանց պահպանվող տարածքի, բայց խոստացել, որ դրանք էլ կվերադարձնեն: Հայ համայնքը հիմա բոլոր փաստաթղթերով դատարանում են փորձում ապացուցել, որ դրանք իրենց տարածքներն են: 

 

Հայ համայնքի ղեկավարը նշեց, որ երեկվանից աղմուկ է բարձրացրել նաև Մոլդովայում, ասուլիսներ հրավիրել: Ըստ նրա՝ տեղի հասարակական կարծիքը հօգուտ հայ համայնքի է:

 

«Քաղաքի գերեզմանների տնօրենը գռեհիկ ձևով, ոստիկանության հետ կեղծիքի միջոցով ճնշումներ է գործադրում իմ և հայ ակտիվիստների նկատմամբ, որ տարածքը վերցնեն: Քաղաքային ղեկավարությունն էլ ներքին կարգով համաձայնություն է տվել, մեզ խոստանում է հարցը կլուծեն, նրանց ասում առաջ գնացեք, բայց հավատացնում եմ Ձեզ, ոչ մի սանտիմետր չեք զիջելու»,-ասաց նա:
Վեներա Գասպարյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ 14-15 քառակուսի մետր տարածք է եղել, որից մնացել է 4 քառակուսի մետր: «Իրենք ոչ մի իրավունք չունեին գործ դնեին այդտեղ։ Իրենք պատկան մարմիններով էին եկել, որ մեզ սադրեին, սպառնային, ամեն ինչ անեն, որ վախենանք և մի խոսքի հետևից ընկնեն։ Սակայն ես իրենց բացատրել եմ, որ դատը կորոշի»,-ասաց նա։

 

Հայ համայնքի ղեկավարը նշեց, որ այստեղ հայկական համայնքը հիմա շուրջ 15 հազար է, սակայն ակտիվիստները քիչ են։ «Սա շատ ուժեղ համայնք է եղել 20-րդ դարի սկզբերին։ Հիմա պայքար է գնում, որ մեր տարածքին չկպնեն և մեր գերեզմանը մեզ վերադարձնեն, ամբողջ պետության թեման դա է։ Մեր գործը ճիշտ է, ամեն տեղ հարցը բարձրացրել ենք հարգանքով են վերաբերվում»,- ասաց նա:

 

Վեներա Գասպարյանը նաև խնդրեց բարձրաձայնել խնդիրը՝ օգնություն ակնկալելով նաև ՀՀ սփյուռքի նախարարությունից, Ազգային ժողովից և խնդրով մտահոգ բոլոր մարդկանցից։