Ռուբլու անկման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա առաջիկայում այդքան մեծ չի լինի, բայց ռիսկեր կան. տնտեսագետ
Ռուսական ռուբլու ներկայիս անկման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա առաջիկայում այդքան էլ մեծ չի լինի, բայց ռիսկեր այդուհանդերձ կան. Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Տնտեսագետը նշեց, որ պետք է մտածել, թե որ գործոնների ազդեցության տակ է, որ ռուբլին այս պահի դրությամբ արժեզրկվում է և նկատեց, թե կա խանգարող երեք գործոն:
«Առաջինը՝ Իրանի սանկցիաների վերացումը և նավթային շուկայում Իրանի մուտք գործելու հնարավորությունն է, որը մեկ ամսվա ընթացքում մոտ 10 դոլարից ավելի արժեզրկել է նավթը: Երկրորդ գործոնը պայմանավորված է Ռուսաստանում պարտքերի վճարման պիկի հետ: Կա պարտքերի վճարման ժամանակահատված, որը կիսամյակային պարտքերն ամբողջությամբ ընկել է այս ժամանակահատվածի հետ և կազմակերպությունները նաև դրա համար կարիք ունեն դոլարի, քանի որ մի կողմից տալիս են հարկերը, մյուս կողմից վճարում պարտքերը և դոլարի դեֆիցիտ է առաջնում»,- ասաց նա:
Երրորդ գործոնն ըստ նրա՝ վերջին մի քանի օրերում չինական բորսաներում տեղի ունեցող կտրուկ
անկումն է. «Այսինքն՝ իրենց արժեթղթերը շատ են վաճառում, և նման ցնցումներն ազդում են Ռուսաստանի տնտեսության վրա, որն էլ ռուբլու փոխարժեքի վրա է ազդում»,- ասաց նա:
Նշենք, որ երեկվանից ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել: Օրվա սկզբին մեկ ռուբլու ՀՀ կենտրոնական բանկի սահմանված գինը 8 դրամից հատել է 7 դրամ 86 լումա: Մեկ դոլարը գերազանցել է 60 ռուբլու սահմանագիծը:
Հայաստանի տնտեսության վրա ռուբլու արժեզրկման ազդեցությունը տնտեսագետը չի բացառում և նշում է հնարավոր հետևանքները: «Առաջին հերթին մեզ մոտ կան ռուսական կազմակերպություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, ՀՀ-ից դոլար կառնեն և կուղարկեն Ռուսաստան, և քանի որ այս պահի դրությամբ մենք այդքան էլ մեծ թափով չենք արձագանքել ռուբլու կուրսի անկմանը, սա դեռևս նպաստավոր պայման է, որ դոլար առնեն ու ուղարկեն, և դա հնարավորություն կտա հարկային պարտքային վճարումներ կատարել»,- ասաց նա:
Տնտեսագետը հիշեցրեց, որ Կենտրոնական բանկը մայիսին քայլեր էր ձեռնարկել նախորդ փորձը բացառելու համար, երբ դեկտեմբերին նույն պատկերն էր և ՀՀ շուկայում խառնաշփոթ էր առաջացել:
«Կենտրոնական բանկը մայիսին կարողացավ մոտ 100 մլն դոլարով ավելացնել իր պահուստները՝ մոտեցնելով 1 մլրդ 595 մլն դոլարի, իսկ հունիս ամսվա դրությամբ մոտ 50 մլն-ի կորուստներ ունեցանք, այսինքն՝ իջավ 1 մլն 545 մլն-ի: Այս պահի դրությամբ դեռևս դոլարային պահուստներ կան և ԿԲ-ն կարող է միջամտելով որոշակի առումով փոխարժեքը պահել, բայց ինչքան պահեց այնքան կտանեն Ռուսաստան: Այնպես որ, քիչ ձևով պետք է արձագանքեն»,- նշեց տնտեսագետը:
Բացի այդ, տնտեսության համար, ըստ նրա, ռիսկեր կան, որոնք գալիս են ԱՄՆ-ից, որտեղից հայտարարվել է, որ սեպտեմբերից հետո մտադիր են դոլարի տոկոսադրույքը բարձրացնել. «Եթե բարձրացրեց, դոլարը ամբողջ աշխարհում կթանկանա, և սա կլինի ընդհանուր գործոն ոչ միայն ռուսական կամ նավթային գործոնով պայմանավորված արժեզրկում»:
Վիլեն Խաչատրյանի գնահատմամբ՝ ԱՄՆ-ն լրիվ հակառակ քաղաքականություն է տանում, ի տարբերություն Եվրոպայի: Ըստ նրա, եթե Եվրոպան խթանում է և փողը ներդնում է տնտեսությունում, ԱՄՆ-ն տոկոսադրույքն է բարձրացնում:
«Տեսեք, միայն ռուսական կազմակերպությունների պարտքը կազմել է մոտ 700 մլրդ դոլար, մեկ տարվա մեջ 200 մլրդը փակել են այս սանկցիաների շրջանում, այսինքն՝ այդ գումարները վճարում են, որոնք հետ են գնում ԱՄՆ տնտեսություն: Արդյունքում ՌԴ-ն զրկվում է դոլարից, չի ունենում հնարավորություն դոլարի հաշվին պահելու, հավաքում է որտեղից հնարավոր է դոլար ու պարտքերը մարում, իսկ դոլարը երբ վերադառնում է ԱՄՆ, որը ուրիշ ծախսելու տեղ չունի, որպեսզի իր տնտեսության մեջ էլ ինֆլյացիա չառաջացնի, և այլն, ստիպված տոկոսադրույքներն են բարձրացնում, այլ կերպ՝ դոլարը թանկացնում են, երբ բանկերին մի ժամանակ անսահմանափակ դոլար էր տալիս»,- ասաց նա:
Վիլեն Խաչատրյանը մեկ այլ գործոն էլ թվեց՝ Ռուսաստանի և Չինաստանի միմյանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ռուբլով և յուանով առևտուր անելու մասին, ինչը հանգեցրել է նրան, որ աշխարհում դոլարի շրջանառության մակարդակը 72% -ից իջել է 62 %:
«10%-ով կարողացել են աշխարհում դոլարով գործարքների ծավալը կրճատել, դա ևս ազդեցություն է թողնում տնտեսության վրա համաշխարհային առումով, և դոլարի դիրքերը որոշակի առումով թուլանում են»,- ասաց նա և հավելեց, որ դա չի կարող օգնել ռուբլուն, քանի որ հիմնական տատանումները պայմանավորված են նավթի գներով:










