Զգացողություններս խառն են․ «Փյունիկ»-ի հարձակվողը՝ Հայաստանի ընտրանու դարպասը գրավելու մասին

12:05 • 13.11.26

Երևանի «Փյունիկի» հարձակվող Յասոնաս Պիկիսը հաջող նորամուտ է նշել Կիպրոսի ազգային հավաքականի կազմում՝ գոլի հեղինակ դառնալով Հայաստանի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրի խաղում (1:1)։ Հանդիպումից հետո 26-ամյա ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով, խոսել հավաքականում տիրող մթնոլորտի և գլխավոր մարզիչ Ակիս Մանցիոսի վստահության մասին։

Նոյեմբերի 12-ին Երևանում կայացած մրցավեճում հաշիվը բացեց հենց Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող հարձակվողը։ Առաջին անգամ ազգային ընտրանու հրավեր ստացած Պիկիսն աչքի ընկավ արդեն 9-րդ րոպեին։ Մեր ընտրանին պատասխան գոլը խփեց երկրորդ խաղակեսում՝ Արթուր Ղարիբյանի դիպուկ հարվածի շնորհիվ։

Հետխաղյա հարցազրույցում կիպրոսցի ֆուտբոլիստը RIK հեռուստաընկերության եթերում խոստովանել է, որ հանդիպումից հետո հակասական զգացողություններ ունի.

«Զգացողություններս խառն են։ Իհարկե, ուրախ եմ նորամուտիս և խփածս գոլի համար, ինչպես նաև այն փաստի, որ կարողացանք ապահովել երկրորդ հորիզոնականը։ Մեր թիմում բոլորս շատ մտերիմ ենք և հիանալի հարաբերություններ ունենք։ Գլխավոր մարզիչն ինձ հնարավորություն տվեց, և ես ամեն կերպ փորձում եմ արդարացնել նրա վստահությունը։ Կիրակի օրը՝ Չեռնոգորիայի դեմ խաղում, նույնպես կփորձենք ներդնել առավելագույնը»,- նշել է «Փյունիկի» հարձակվողը։

Հավելենք, որ երևանյան ոչ-ոքիից հետո Կիպրոսի հավաքականը վաստակեց 8 միավոր՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբում ապահովելով առնվազն երկրորդ տեղը և B դիվիզիոն բարձրանալու համար նախատեսված փլեյ-օֆֆի ուղեգիրը։ Խմբային փուլի եզրափակիչ տուրում՝ նոյեմբերի 15-ին, Կիպրոսը սեփական հարկի տակ կընդունի Չեռնոգորիային, իսկ Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ։

Աղբյուրը`ArmSport.am