Վենետիկի հանձնաժողովի կողմից դրական արձագանքեր կան սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ. Գագիկ Ղազինյան
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը սահմանադրական բարեփոխումների 1-7 գլուխների մասին Վենետիկի հանձնաժողովի առաջարկների վերաբերյալ այս պահին կոնկրետ դիրքորոշում չի շտապում հայտնել, որովհետև ըստ նրա՝ մասնագիտական հանձնաժողովը մյուս առաջարկների հետ մեկտեղ քննարկում է նաև այդ առաջարկները:
«Ես չեմ ուզում անհատական տեսակետ հայտնել, քննարկվում են բոլոր առաջարկները, այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովի: Եթե հետևել եք, նույն հանձնաժողովի կողմից դրական արձագանքեր են եղել շատ ինստիտուտների վերաբերյալ, կան առաջարկներ, կան մոտեցումներ ու մտահոգություններ տարբեր տեսակի, այնպես որ շատ նորմալ գործընթաց է: Իհարկե, մենք, անպայման, պատասխանելու ենք այդ եզրակացությանը, թեև ոչ հրապարակային, բայց բացատրություններ, հիմնավորումներ կլինեն»,-ասաց նա:
Ի դեպ, նա հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններում կային թյուրըմբռնումներ: «Միգուցե թարգմանության հետ կապված է, կամ դրանով է պայմանավորված, կլինեն դրանց բացատրությունները, որովհետև առաջարկություններ են արվել, որոնք արդեն իսկ տեղ են գտել նախագծում: Մենք դա կապում ենք ոչ բովանդակային թարգմանության հետ, որը թյուրիմացության մեջ է գցել Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին: Այնպես որ, պատասխանը կուղարկվի և մենք ակնկալում ենք և պայմանավորվածություն կա, որ օգոստոսի վերջին հանդիպում կլինի Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ, որի ժամանակ կքննարկվեն այն հարցերը, որոնց վերաբերյալ հանձնաժողովը փորձում է իր դիրքորոշումը պահպանել և կփորձենք հիմնավորել: Դրանք այնպիսի հարցեր են, որոնք նամակներով չենք կարող միմյանց բացատել և այնպես ասած կենդանի քննարկում է անհրաժեշտ»,-ասաց նա:
Գագիկ Ղազինյանը տեղեկացրեց, որ այսօր քննարկվել են նաև բոլոր առաջարկները և կարծիքները, որոնք մինչև հիմա ստացել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում և լրատվամիջոցներում արտահայտվել են տարբեր անձանց և կազմակերպությունների կողմից:
«Ցանկացած ողջամիտ առաջարկին կլինի, անպայման, անդրադարձ, եթե լինեն հիմնավոր և ընդհանուր հանձնաժողովի սկզբունքներին չհակասող առաջարկներ՝ անպայմանորեն հաշվի կառնվեն: Երբ որ ամբողջական տեքստը հրապարակվի, դուք շուտով կհամոզվեք դրանում, որ նախագծի և 7 գլուխները և մնացած տեքստերը, մինչև 15-րդ գլուխ, կտեսնեք հրապարակված տեքստի և նորի տարբերությունները»,– վստահեցրեց նա:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամը նաև նշեց, որ ո՛չ Վենետիկի հանձնաժողովի առաջարկները, և ո՛չ էլ իրենց ներկայացրածը չի կարելի ընդունել որպես դոգմա: «Դրանք առաջարկներ են կամ մտահոգություններ, որոնք քննարկման նյութ են»,-ասաց նա:










