Ես գիտեմ, թե ինչ աստվածային շտեմարան ունենք մենք. Շ. Պետրոսյանը Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի մասին
Կոմիտասյան չափանիշներով ընտրված և անվանի երաժշտագետների կողմից հաստատված 350 ժողովրդական, 100 հոգևոր և 80 գործիքային երաժշտության օրինակներ, ինչպես նաև աշուղական երգեր կարելի է գտնել armenianmusic.am երաժշտական պորտալում, որը ստեղծվել է «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակներում և հասանելի է համացանցի յուրաքանչյուր ակտիվ օգտատիրոջ համար: Այստեղ ընդգրկված են ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան Հայաստանի պատմական տարածաշրջանների երգերը:
Այս նախագիծն աննախադեպ ճկունությամբ ու կայծակնային արագությամբ ներխուժեց մերօրյա մշակութային դաշտ իր նոր շնչով ու կատարված հսկայածավալ աշխատանքով: «Նախագիծն իհարկե, անչափ կարևոր է ու պարզապես անհրաժեշտ: Այնքան ուրախ եմ, երջանիկ ու հիացած և´ որակի, և´ ժամանակակից բոլոր չափանիշներին համարժեք աշխատանք ներկայացնելու համար»,- մեզ հետ զրույցում իր կարծիքը հայտնեց ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը քաջ գիտակցելով կատարված աշխատանքի բարդությունն ու ծավալը:
«Ուրախ եմ, որովհետև այս ոլորտը շատ լավ գիտեմ, գիտեմ այս դաշտում առկա խնդիրները, բացերը, հնարավոր արգելքները. ինքս եմ առնչվել այն խնդրին, որ մեր ազգային մշակույթը ներկայացնելու համար ինձ են նույնիսկ մեղադրում իրենց պատկերացմամբ կամ բնորոշմամբ «ադրբեջանական» երգը եթեր սփռելու համար, իրենց ասած «հայացնելու» համար, բայց պետք է բոլորս տեղյակ լինենք, թե մենք ինչ հարուստ ժառանգություն ունենք, ու այս դեպքում որևէ մեկին մեղադրելու մտադրություն անգամ չենք ունենա», - ավելացրեց Շուշան Պետրոսյանը:
Նախագիծն առաքելությունն ի սկզբանե եղել է հայ ազգային երգի, ծեսի ու ավանդույթի վերականգնելն ու սերնդեսերունդ փոխանցելը: «Տեսնելով նմանատիպ ծավալով ու որակով, պրոֆեսիոնալ կատարված աշխատանքը՝ հուզվելու չափ ուրախացա, փառք ու պատիվ բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են այս նախագծում, և, իհարկե, համբերություն այս ահռելի աշխատանքն ավարտին հասցնելու համար, որովհետև ես գիտեմ, թե ինչ հարուստ, աստվածային շտեմարան ունենք մենք»,- ընդգծեց Շուշան Պետրոսյանը:
Նշենք, որ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակներում իրականացվել է Կոմիտաս Վարդապետի ծրագիրը: Լույս է տեսել ժովովրդական երգերի ժողովածու «Հազար ու մի խաղ» անվանումով:
Հրատարակվելու է նաև համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով ու ձևակերպմամբ հրատարակել հայ հոգևոր երաժշտական մատյանը ՝ «Ժամագիրքը», և Եկմալյանի «Պատարագը»:










