Սոս Սարգսյանը ինչ խաղաց, խաղաց հայի ճակատագիր. բացվեց վարպետի հուշատախտակը (լուսանկարներ, տեսանյութեր)

14:08 • 24.10.15

Այսօր ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, «Համազգային» պետական թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 24-ին, Տերյան 65 հասցեում  բացվեց Վարպետի հուշատախտակը։


Ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը խոսեց Սոս Սարգսյանի մեծության մասին: «Սոս Սարգսյանը զարմանալիորեն երբեք չծմռվեց, երբեք չփորձեց խաղալ իսպանացի, կամ ամերիկացի, և երբեք չդավաճանեց Ստեփանավանին: Սոս Սարգսյանը ինչ խաղաց՝ խաղաց հայի ճակատագիր, անգամ նրա ժպիտի մեջ կար հայի դարդը»,- ասաց նա:


Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն ասաց, որ Սոս Սարգսյանի կերպարի և անհատականության մեջ հայությունն էր, սերունդներն էր, պատմությունն էր, ներկան էր և իհարկե ապագան է: «Այսօր հպարտության օր է, որովհետև հայ  մշակույթի սույներից մեկը մեր աչքի առաջ է ստեղծագործել»,-ասաց նա:


Գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը նշեց, որ վերջին տասը տարին Սոսին քիչ է տեսել օվկիանոսում լինելու պատճառով: «Ոչ մի օր չի եղել, որ մենք չհիշենք Սոսին, երբ մտնում էինք նոր ծով, նոր նավահանգիստ, անմիջապես զանգ էինք տալիս իրեն, ամբողջ նավը վանկարկում էր օվկանոսներում՝ Սոս, Սոս: Սոսը քայլեց դեպի անմահություն»,-ասաց նա:


Իսկ Սոս Սարգսյանի կինը՝ Նելլի Սարգսյանը, նշեց, որ Սոս Սարգսյանը բարևելիս միշտ ասում էր «բարի լույս հայե՛ր»:
 

Այնուհետև՝  ներկաները այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն:

 

 

 

 

 

 

 

Սոս Սարգսյանը ինչ խաղաց, խաղաց հայի ճակատագիր. բացվեց վարպետի հուշատախտակը (լուսանկարներ, տեսանյութեր)