Աշխարհի տարբեր երկրներից եկած ոսկերիչները ներկայացրին իրենց արտադրանքը «Yerevan show 2015»-ին
«Էքսպո Մերիդիան» կենտրոնում հոկտեմբերի 24-26-ը Հայաստանում անցկացվելու է միջազգային «Yerevan show 2015» թվով 5-րդ ցուցահանդեսը, որի բացումը կատարվեց այսօր՝ ՀՀ նախագահի և տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ։ Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Համաշխարհային հայ ոսկերիչների միության» նախագահ Գագիկ Գևորգյանը այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 80 ընկերություններ Հայաստանից ու այլ երկրներից, որոնց հիմնական մասը հայ ոսկերիչներ են։
«Այս տարի ցուցահանդեսի մասնակիցները մի քիչ պակասել են, նախորդ տարի 100-ից ավելին էին, բայց սա էլ իր բացատրությունն ունի. համաշխարհային տնտեսական խնդիրները առաջնային կերպով ազդել են ոսկերիչների աշխատանքի վրա։ Ու չնայած դրան մեր հայ ոսկերիչները ուժ ու ժամանակ են գտնում գալու հայրենիք և ցույց տալու հայ ոսկերիչների համախմբվածությունը»,- ասաց նա։
Նշենք, որ այս տարածքում գործում է նաև ոսկերչության ազատ տնտեսական գոտին։ պատասխանելով հարցին, թե ինչ հաջողություններ ունի ազատ տնտեսական գոտին, Գագիկ Գևորգյանն ասաց, որ ընդամենը մեկ ամիս առաջ բացվել է մեկ արտադրություն և արդեն արտադրանք է տվել։
«Մենք, որպեսզի այլ երկրներից բիզնեսմեններին հրավիրենք Հայաստան, պետք է ստեղծենք որոշակի հրապուրիչ պայմաններ, որ գան ու այստեղ ստեղծեն աշխատատեղեր։ Իրականում այս ամենի ամբողջ իմաստը աշխատատեղեր ստեղծելն է, որ մեր երիտասարդները չգնան այլ երկրներ, իրենց ուժն ու շնորհքը դրսևորեն հայրենիքում։ Վերջերս բացված արտադրությունը աշխատողների է փնտրում։ Ես չէի պատկերացնում, որ հենց այս հարցում ենք դժվարություն ունենալու։ Երիտասարդներից շատերը դուրս են եկել հայրենիքից, բայց քանի որ ես Ռուսաստանում եմ ապրում, էնտեղ ագիտացիա ենք անում, որ հետ գան, աշխատեն հայրենիքում»,- ասաց նա։
«Հայաստանը ուզում ենք դարձնել արտադրող երկիր, որովհետև ամեն երկիր հզոր է արտադրանքով»,- ասաց նա և տեղեկացրեց, որ հաջորդ տարի Հայաստանում է անցկացվելու Ոսկերչության համաշխարհային կոնգրեսի ժողովը և մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում քննարկվելու են համաշխարհային ոսկերչության շուկայում առկա խնդիրները և զարգացման միտումները։
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ նշեց, որ ավանդույթ դարձած այս միջոցառումը կարևոր հարթակ է ու բացառիկ հնարավորություն հայրենիքում համախմբելու արտերկրի և Հայաստանի ոսկեգործության ներկայացուցիչներին։
«Այս ոլորտում մեր բազմադարյա պատմությունը, հայ ոսկերիչների հմտությունն ու վարպետության բարձր մակարդակը, թույլ են տալիս ասել, որ այս ոլորտն ըստ արժանվույն է ներկայանում ու բազմիցս արժանանում գնահատանքի աշխարհի տարբեր երկրներում։ Ցուցահանդեսը ևս մեկ կարևոր քայլ է հայ ոսկերչության առանձնահատկություններն ու դարավոր պատմությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար»,- ասաց նա։
Նախարարը վստահեցրեց՝ ոսկեգործության ոլորտը մշտապես գտնվում է ՀՀ նախագահի ու կառավարության ուշադրության կենտրոնում։ «Մենք ձեռնարկել ու ձեռնարկելու ենք գործուն քայլեր Հայաստանը հայկական ոսկեգործության գլոբալ հանգույց դարձնելու համար»,- ասաց նա։










