Նոյեմբերի 8-ից կիրակին Արմենիա TV-ի եթերում «Ձկան օր» կլինի՝ Եգոր Գլումովի հետ (լուսանկարներ)
Նոյեմբերի 8-ից «Արմենիա» հեռուստաընկերության եթերում յուրաքանչյուր կիրակի կլինի «Ձկան օր»։ Նոր ժամանցային հեռուստանախագիծը կբացահայտի սիրված ու ճանաչված մարդկանց խոհարարական հմտությունները` առաջարկելով նաև իր կանոնները:
Ուտեստները պետք է պատրաստվեն բացառապես ձկնամթերքից: Նոր բաղադրատոմսեր, ձուկ պատրաստելու տասնյակ նոր տարբերակներ, հետաքրքիր բացահայտումներով զրույցներ, խոհարարական իրարանցում՝ համեմված ձկնամթերքի մասին օգտակար տեղեկատվությամբ:
Հաղորդումը կվարի հայտնի հաղորդավար Եգոր Գլումովը, ով Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հաղորդումը կոչվում է «Ձկան օր», որովհետև հաղորդման ընթացքում պատրաստվող ճաշատեսակների գլխավոր բաղադրիչը ձուկն է լինելու:
«Ժամանակին Հայաստանը եղել է ծովից-ծով, և հայերի գենի մեջ կա ձուկ ուտելու կուլտուրան: Պետք է վերականգնել այդ կուլտուրան: Խորհրդային Միությունում էր ընդունված, որ հինգշաբթին «ձկան օր» է, բայց քանի որ մենք ազատ, անկախ Հայաստանում ենք ապրում, մեր «ձկան օրը» կիրակին է լինելու»,- ասաց Եգոր Գլումը՝ նշելով, որ հեռուստախոհանոցի ճաշատեսակները կպատրաստվեն բացառապես Հայաստանում աճեցված ձկներով։
Ձկով ուտեստները պատրաստելու են հյուրերը, իսկ Եգոր Գլումովը կողքից օգնելու կամ խանգարելու է նրանց: Հյուրերը ոչ միայն խոհարարներ են լինելու, այլև՝ հայտնի մարդիկ:
«Հուսով ենք, որ մի օր մեր հաղորդմանը երկրի նախագահը հյուր կլինի, առաջին տիկինը, շատ հայտնի մարդիկ, ովքեր Հայաստան կգան»,- ասաց «Ձկան օր» հաղորդաշարի վարող Եգոր Գլումովը:
«Ձկան օրը» հաղորդաշարի գլխավոր գործընկերն է «Pepo fish house»-ը (Պեպո «ձկան տուն»), որը շուտով բացվելու է Սարյան 25 հասցեում:
Նշենք, որ Խորհրդային Միությունում ընդունված էր, որ հինգշաբթին «Ձկան օր» է. համենայնդեպս, ընդունված էր, որ այդ օրը ճաշարաններում ձուկ են մատուցում: 1932 թվականի սեպտեմբերի 12-ին ԽՍՀՄ Սննդի արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատի ղեկավար Անաստաս Միկոյանը ստորագրել է հրամանագիր «Հանրային սննդի ձեռնարկություններում ձկան օր սահմանելու մասին»:

(7).jpg)
(10).jpg)
.jpg)











