Հայկ Կյուրեղյանը 21-րդ օրն է` հացադուլի մեջ է. նրա վիճակը գնահատվել է բավարար
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը դեռ չի դադարեցրել հացադուլը: Այսօր նրա հացադուլի 21-րդ օրն է:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
«Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակը բավարար է, նա գտնվում է առանձին խցում` բժիշկների հսկողության տակ», - ասաց Գոռ Ղլեչյանը` տեղեկացնելով նաև, Հայկ Կյուրեղյանը բուժում էր ստանում, սակայն բուժումը կիսատ է թողել և հացադուլ է հայտարարել՝ պատճառաբանելով, որ առողջական խնդիրներ ունի:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի և մյուսների դատավարության ժամանակ բողոքի ակցիա իրականացրած Հայկ Կյուրեղյանը մեղավոր էր ճանաչվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ :
Ինչպես Առաջին ատյանի դատարանում, այնպես էլ՝ Վերաքննիչ դատարանում Հայկը դատավորների հարցերին պատասխանում էր նստած , իսկ դատարան էր եկել թղթի վրա գրված հետևյալ կարգախոսով. «Կեցցե Հայաստանը, որը վաղն է գալու»:










