Վրաստանի նախագահը մեկնաբանել է, թե ինչու է Սաակաշվիլիին զրկել քաղաքացիությունից
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշավիլիին քաղաքացիությունից զրկելու իր որոշումը պարզաբանել է Սահմանադրության պահանջով:
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, օրենքով այլ երկրի քաղաքացիություն ստանալը հիմք է հանդիսանում մարդուն Վրաստանի քաղաքացիությունից զրկելու համար: Սաակաշվիլին 2015 թվականի հուլիսին դարձել է Ուկրաինայի քաղաքացի:
«Ես չեմ կարող Սահմանադրությունը խախտել՝ հանուն քաղաքական մանյովրի: Այս երկրում կան օրենքներ, որոնց ես հետևում եմ»,-ասել է Մարգվելաշվիլին:
Վրաստանի գործող նախագահը Սաակաշվիլիին նաև քննադատել է այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար։
«Երբ դու երկու անգամ Վրաստանի նախագահ ես եղել, երկու անգամ այս երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն ես եղել ու այս երկրի անունից տարել ես Վրաստանի դրոշը, ապա դու պարտավո՛ր էիր հարգել այս երկրի քաղաքացիությունը», -ասել է Մարգվելաշվիլին։










