ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում Թուրքիայից ռուս լրագրողների արտաքսումը

23:01 • 08.12.15

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն անընդունելի է համարում Թուրքիայի իշխանությունների պահվածքը, որոնք երկրից արտաքսել են «Ռոսիա 1» հեռուստաընկերության նկարահանող խմբին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

 

«Դեկտեմբերի 7-ին «Ռոսիա 1» հեռուստաընկերության «Հատուկ թղթակից» հաղորդման նկարահանող խումբը ձերբակալվել է Թուրքիայի` Սիրիային սահմանակից Հաթայ նահանգում այն պահին, երբ նրանք ցանկացել են գնալ հարևան Գազիանթեփ նահանգ:


Ձերբակալողները եղել են անհայտ անձինք, ովքեր մերժել են փաստաթղթերը ցույց տալու և ներկայանալու օրինական պահանջը: Ռուսական նկարահանող խմբին տարել են ոստիկանական բաժանմունք, որտեղ հայտնել են, որ նրանց արտաքսելու որոշում է կայացվել` «Թուրքիայի Հանրապետության տարածքում օտարերկրյա լրագրողների գործունեության մասին կանոնները խախտելու» պատճառաբանությամբ»,- հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն:

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Անկարայում հրաժարվել են միջադեպի կապակցությամբ  պարզաբանումներ ներկայացնել ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներին:

 

Գերատեսչությունը կասկածներ է հայտնել, որ լրագրողներին արտաքսել են այն բանի համար, որ նրանք թուրք-սիրիական սահմանին  բացահայտել են Թուրքիայի  կառավարության համար ոչ ձեռնտու անօրինական գործողություններ:


Բացի այդ, Մոսկվայում այս պատահարը համարում են Թուրքիայում օտարերկրյա լրատվամիջոցների իրավունքների բազմաթիվ խախտումների ևս մեկ օրինակ:
 

 


 

ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում Թուրքիայից ռուս լրագրողների արտաքսումը